Չարլի Էգան անունով հնգամյա տղան որպես Սուրբ Ծննդյան նվեր ձեռքի պրոթեզ է ստացել: Չարլին առանց աջ ձեռքի է ծնվել, բայց հիմա նվերի շնորհիվ նա կարող է խաղալ իր խաղալիքներով եւ նույնիսկ իր սկուտերը վարել:
Պրոթեզը տղայի սիրելի հերոսի՝ Մարդ-Սարդի ոճի երկնագույն-կարմիր գույների մեջ է: Պրոթեզի ստեղծման հարցում օգնել է ամերիկյան E-nable բարեգործական կազմակերպությունը, որի կամավորները երեխաների համար պրոթեզներ են ստեղծում: Կազմակերպությունում աշխատում են ինժեներներ, նկարիչներ եւ շատ այլ մասնագետներ, որոնք անվճար օգնում են պրոթեզավորման կարիք ունեցող երեխաներին:
Սկզբում կազմակերպության անդամները մոդելավորել են պրոթեզը, այնուհետեւ այն «տպել» 3D տպիչով: Պրոթեզը նույնիսկ որոշակի գործողություններ կարող է կատարել. երբ երեխան ծալում է արմունկը, պրոթեզի մատները սեղմվում են:
Երեխայի ծնողները՝ Պեննին եւ Դեյվիդը, համոզված են, որ պրոթեզը տղայի կյանքը դեպի լավը կփոխի, քանի որ մարդիկ ավելի վաղ հարցնում էին, թե ինչ է պատահել նրա ձեռքի հետ: Իսկ հիմա նրանք ասում են՝ «Օ~, դու սուպերհերոսի ձեռք ունես», իսկ դա երեխային դուր է գալիս:
Վեց ամսական հասակում երեխային արդեն փորձել են պրոթեզ ամրացնել ավելի հեշտ չոչ անելու համար, սակայն վերջինիս համար ավելի հեշտ է եղել սեփական ուժերով դա անել: Իսկ պրոթեզի հետ նա խաղում էր, ինչպես կխաղար ցանկացած այլ խաղալիքի հետ:
Սակայն հիմա ամեն ինչ այլ կերպ կարող է լինել, եւ տղան կսովորի օգտագործել պրոթեզը, որը, բացի այլ բաներից, նաեւ շատ զիլ տեսք ունի:








