Ի՞նչ է արվել 2014 թվականին Հայաստանի առողջապահական ոլորտում: Ի՞նչ նորամուծություններ, ձեռքբերումներ եւ բացթողումներ են եղել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը կփորձի ամփոփել տարին:
Հանրային առողջապահական ծրագրեր
2014 թվականին մեկնարկել է մի շատ կարեւոր ծրագիր՝ ուղղված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կրճատմանը: Ծրագրի շրջանակներում սկրինինգային հետազոտություններ են իրականացվելու, ինչը հնարավորություն է տալու ավելի վաղ հայտնաբերել սիրտ-անոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը եւ արգանդի վզիկի քաղցկեղը, եւ դրանք ավելի արդյունավետորեն բուժել:
Շատ կարեւոր է նոր ծրագիրը, որի շրջանակում սրտամկանի սուր կաթվածի ժամանակ սրտի ստենտավորման վիրահատությունները պետպատվերով են իրականացվելու: Ծրագիրն այս տարի է ընդունվել եւ գործելու է 2015 թվականի հունվարի 1-ից:
Դեղամիջոցների դրոշմապիտակավորում
2014 թվականին «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի սահմաններում սկսեցին դրոշմապիտակավորվել նաեւ դեղամիջոցները, եւ սա դեռ դժվար է ձեռքբերում կամ բացթողություն կոչել: Առողջապահական ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ դրոշմապիտակավորումը կօգնի կրճատել ոլորտում առկա ստվերը եւ դեղերի անվտանգությունը կապահովի, մինչդեռ դեղարտադրողներն ու ներմուծողները ասում են, որ նոր օրենքը միայն բազմաթիվ խնդիրներ եւ նոր ծախսեր է ստեղծում, իսկ ստվեր ոլորտում գրեթե չկա:
GMP հավաստագրում
«Արփիմեդ» դեղագործական ընկերությունն այս տարի Եվրոպական GMP (Պատշաճ արտադրական գործունեության) հավաստագիր է ստացել, իսկ «Լիկվոր» կազմակերպությունը, որը մեկ տարի առաջ էր ստացել իր GMP հավաստագիրը, այս տարվա նոյեմբերին վերահաստատել է այն: Սա միանշանակ ձեռքբերում է, եւ մենք հույս ունենք, որ հաջորդ տարի եւս մի քանի կազմակերպություն կստանա այս հավաստագրերը եւ եվրոպական ստանդարտներով կաշխատի:
Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին կից կառուցվում է Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը եւ ցողունային բջիջների լաբորատորիան, որը շատ մեծ նշանակություն ունի: Շատերը համարում են, որ ցողունային բջիջները բժշկության ապագան են, եւ Հայաստանում նման կենտրոնի կառուցումը շատ կարեւոր է:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ մի հայ երիտասարդ իր ցողունային բջիջների շնորհիվ մի իտալացի աղջկա կյանքն է փրկել: Շուտով ցողունային բջիջների փոխպատվաստում հնարավոր կլինի նաեւ Հայաստանում իրականացնել:
Իմունականխարգելում
Իմունականխարգելման ծրագիրը տարվա ընթացքում բավական մեծ ծածկույթ է ապահովել՝ մոտ 90 տոկոս: Ներդրվել է նոր պատվաստում՝ պնեւմոկոկկային վարակների դեմ, ինչպես նաեւ փոխվել է զորակոչիկների իմունիզացիայի կարգը. այժմ նրանք ստանում են իրենց պատվաստումները պոլիկլինիկաներում եւ հետպատվաստումային շրջանում իրենց տանն ու բժիշկների հսկողության տակ են գտնվում, այլ ոչ՝ ծառայության վայրում:
Երեխաների կրծքով սնուցման խրախուսում
Այս տարվա նոյեմբերի 20-ին ընդունվել է «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքը: Քանի որ օրենքը դեռ նոր է, դրա արդյունավետության մասին դեռ վաղ է խոսել: 2014 թվականին կլինիկաներում դեռ բավական շատ էին մանկական կեր գովազդող իրերը, իսկ բժիշկներն առանց ամաչելու երիտասարդ մայրերին խորհուրդ էին տալիս կրծքի կաթի հետ միասին փոքրիկին այս կամ այն կերը տալ: Հույս ունենք, որ հաջորդ տարի նման բաները կբացառվեն կամ խստորեն կպատժվեն:
Շտապօգնության ծառայության վերազինում
Այս տարի գործարկվել է նաեւ շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ ծրագրի շրջանակներում: Մեքենաները GPS համակարգով են համալրվել, իսկ բրիգադները պլանշետներ են ստացել: Որքանով դա կբարձրացնի ծառայության որակը՝ պարզ կլինի մոտ ապագայում:
Մարզային բժշկական կենտրոնների վերակառուցում
Մարզային որոշ բժշկական կենտրոնները վերանորոգվում են. մասնավորապես, վերակառուցվում են Արմավիր մարզի Մեծամորի ԲԿ-ի պոլիկլինիկական հատվածը, Ճամբարակի ԱԿ շենքը, Բերդի ԲԿ-ն, Ոսկեվանի ամբուլատորիան, Մեղրու եւ Կապանի ԲԿ-ները: Սակայն երկրի մարզերում դեռ շատ են ծայրահեղ վատ վիճակում գտնվող բշկական կենտրոններն ու պոլիկլինիկաները: Օրինակ, Եւրեւանից ոչ այնքան հեռու գտնվող Եղվարդի բժշկական կենտրոնը նույնպես վերանորոգման կարիք ունի:






