Կապույտ հազ առաջացնող մանրէների տարրերը ակտիվորեն զարգանում եւ փոխվում են: Այս ամենը պարզել են Մեծ Բրիտանիայի գիտնականները՝ ուսումնասիրելով 2012 թ. վերցրած կապույտ հազի բացիլների նմուշները: Իրենց հետազոտությունը նրանք հրապարակել են Journal of Infectious Diseases ամսագրում:

2012 թ. Անգլիայում եւ Ուելսում գրանցվել է կապույտ հազի մոտ 10 000  դեպք, որն ավելին է, քան 2008 թ. հիվանդության վերջին բռնկման ժամանակ (900 դեպք). երեք ամսվա ընթացքում 14 երեխա հիվանդության զոհ է դարձել: Ինչպես պնդում են մի քանի գիտնականներ, այս աճը կարող է նոր պատվաստանյութի հետեւանք լինել, որն սկսել են ընդունել 2004 թվականից: Հետազոտողները մատնանշում են այն, որ առանց բջիջների նոր պատվաստանյութը (պարունակում է կապույտ հազի մանրէների մակերեւույթից որոշ սպիտակուցներ) դադարում է ավելի արագ ներգործել, քան նախկին, ամբողջապես բջջային տեսակը, որի պատճառով անչափահասներն ու մեծահասակները զրկվում են հիվանդության դեմ պաշտպանությունից:

Վերջին հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են կապույտ հազի մանրէների մակերեւութային սպիտակուցների համար պատասխանատու գեները: Պարզվել է, որ 2012 թ. ձեւանմուշներում սպիտակուցները, որոնց դեմ ուղղված է պատվաստանյութը, զարգացում են ապրել, ընդ որում անհավանական արագությամբ են դա կատարել, որը կարող է վկայել միկրոբի պաշտպանության ամրապնդման մասին: Հիմա գիտնականները փորձում են պարզել, թե  որքանով է այդ գործընթացն ազդում այդ մանրէների վարքագծի վրա իրական աշխարհում (օրինակ՝ նրա կենսունակության վրա):

Եթե գիտնականներին հաջողվի ապացուցել, որ  մանրէների վերածնման գործընթացն առաջանում է պատվաստանյութի ազդեցությամբ, բժիշկներն ստիպված կլինեն վերանայել դրա փոփոխման ենթարկելու հարցը: Արդյո՞ք նպատակահարմար կլինի պատվաստանյութի մեջ նոր սպիտակուցներ ավելացնել կամ ավելի ճիշտ կլինի վերադառնալ հին, ամբողությամբ բջջային տարբերակի՞ն: 2015 թ. աշնանն այդ հարցը շատ ակտուալ կդառնա, քանի որ կապույտ հազի բռնկումները ցիկլային բնույթ ունեն եւ սովորաբար աշնանն են տեղի ունենում: