Աֆրիկայում Էբոլա տենդով վարակված եւ Լոնդոնի հիվանդանոցում գտնվող շոտլանդացի բուժքույրն իրեն ավելի լավ է զգում. նրա վիճակն այլեւս կրիտիկական չէ։ Այս մասին հայտարարել է կլինիկայի ղեկավարությունը։

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջում Շոտլանդիայի կառավարությունը հաստատել է Գլազգոյից 39-ամյա բուժքրոջ մոտ Էբոլա վիրուսի առկայությունը։ Վերջինս նոր էր վերադարձել Արեւմտյան Աֆրիկայից, որտեղ կամավոր էր աշխատում։

Շոտլանդիայում Էբոլա տենդով վարակման առաջին դեպքն է գրանցվել 

Հիվանդին տեղափոխել էին Լոնդոնի Royal Free Hospital հիվանդանոց, որտեղ Էբոլայի բուժման համար հատուկ բաժին է առանձնացված։ Կինը Մեծ Բրիտանիայում մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակված առաջին հիվանդն է դարձել։ Դեկտեմբերի վերջին նրա վիճակը կտրուկ վատթարացել է։

«Հիվանդանոցն ուրախ է հայտնելու, որ կնոջ վիճակը դեպի լավն է գնում եւ այլեւս կրիտիկական չի համարվում։ Նա գտնվում է բոքսում, ստանում է անհրաժեշտ օգնությունը, նրա հետ աշխատում են Էբոլա վիրուսի գծով մասնագետները»,-ասված է հիվանդանոցի հայտարարության մեջ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ին։

Համաշխարհային առողջապահության կազմակերպության դեկտեմբերի 27-ի տվյալների համաձայն՝  երեք առավել խոցելի երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում վարակվածների թիվը 20 հազար է կազմել։ Վիրուսից 7,8 հազար մարդ է մահացել։