Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ էներգետիկ եւ վիտամիններով հարստացված ըմպելիքները չեն խթանում ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը: Տորոնտոյի եւ Ռայերսոնի կանադական համալսարանների գիտնականներն ուսումնասիրել են տեղական սուպերմարկետներում վաճառվող ապրանքները, մասնավորապես էներգետիկ ըմպելիքները, վիտամիններով հագեցված ջրերը եւ հիմնականում B6, B12, C վիտամիններով ու նիացինով հարստացված հյութերը:
Ժամանակակից շատ երիտասարդներ օգտագործում են նման ըմպելիքներ՝ հույս ունենալով վիտամիններ ստանալ, տրամադրությունը բարձրացնել կամ էլ ուժեղացնել կենտրոնացումը:
Հետազոտողների բացահայտումները, սակայն, ցույց են տվել, որ այդ ըմպելիքների սպառողները քիչ կամ ընդհանրապես ոչ մի օգուտ չեն ստանում դրանցից, մինչդեռ դրանց պիտակների վրա նշվում է սննդանյութերի հավելումների առավելությունների մասին: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Այդպիսի ըմպելիքներ արտադրող ընկերությունների հիմնական թիրախը երիտասարդներն են, որոնց գրավում են եռանդ, էներգիա, կենտրոնացում եւ վերականգնում խոստացող ըմպելիքները: Մասնագետների խոսքով այդ ըմպելիքների բաղադրիչները չեն համապատասխանում հանրության համար անհրաժեշտ սննդանյութերի պահանջին: Նրանք նշում են, որ միջոցներ են հարկավոր սպառողներին մոլորության մեջ չգցելու եւ գրեթե անօգուտ ըմպելիքներից խուսափելու համար:






