Ճարպակալումն այսօր կարող է բուժվել քաղցի զգացումը սպանող սարքի օգնությամբ: ԱՄՆ-ի սննդի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունը հաստատել է սարքի օգտագործման թույլտվությունը: Սարքը նախագծված է չափահաս գեր մարդկանց նիհարելու եւ ճարպակալման հետեւանքով առաջացած խնդիրների հավանականությունը կրճատելու համար:

Վիրահատական միջամտությամբ հիվանդի որովայնում փոխպատվաստվող բժշկական սարքը հարվածում է որովայնի թափառող նյարդին, որն ուղեղին հաղորդում է ստամոքսի դատարկ կամ լիքը լինելու մասին: Փոխպատվաստված սարքի էլեկտրական խթանը արգելափակում է ուղեղին ստամոքսից ուղարկվող «Ես քաղցած եմ» հաղորդագրությունը, որն այլեւս ուղեղ չի հասնում: Այս մասին հաղորդում է Medicaldaily.com-ը: Մասնագետների խոսքով, այս սարքը կարող է բուժել ճարպակալումը, մետաբոլիկ հիվանդություններն ու նույնիսկ աղեստամոքսային խանգարումները:

Հետազոտողներն ուսումնասիրել են մարմնի զանգվածի 35 եւ ավելի բարձր ցուցիչ ունեցող 233 հիվանդի եւ սարքը տեղադրել նրանցից 157-ի մարմնում:

Masetro Rechargeable կոչվող համակարգից օգտված հիվանդները մեկ տարվա ընթացքում 8.5 տոկոսով ավելի են նիհարել, քան այն 76 հիվանդները, որոնք չեն օգտվել դրանից: Ավելին, հիվանդների մոտ կեսն առնվազն 20 տոկոսով նիհարել է, իսկ մյուս 38.3 տոկոսն էլ՝ առնվազն 25 %-ով:

Սարքավորումը 78.6 միլիոն գեր մարդկանց շրջանում օգտագործվելու հավանականություն ունի: Այդ թիվն Ամերիկայի ողջ բնակչության մեկ երրորդ մասն է կազմում:

Նշենք նաեւ, որ ճարպակալումը կարող է առաջացնել սրտի արատ, կաթված, 2-րդ տեսակի շաքարախտ, քաղցկեղի որոշ տեսակներ, բարձր խոլեստերին, արյան ճնշում, անպտղություն, քնի ապնոե եւ այլն: Ճարպակալման բուժումն անհրաժեշտ է ոչ միայն առողջության համար. Բուժումը բավականին թանկ արժե: Օրինակ՝ ԱՄՆ-ում 2008 թ. գեր մարդու բժշկական ծախսերը 1,429 դոլարով գերազանցել է նորմալ քաշ ունեցող մարդու բժշկական ծախսերը: