Ճապոնական Օկայամա պրեֆեկտուրայում թռչնագրիպի բռնկման պատճառով 200 000 հավի սպանդ կիրականացնեն: Ինչպես հաղորդում են պրեֆեկտուրայի իշխանությունները, թռչնաֆաբրիկայում H5 տարատեսակի թռչնագրիպի վիրուս է հայտնաբերվել:

Պրեֆեկտուրայում շտապ ստեղծված շտաբը թռչնագրիպի վիրուսի տարածման հակազդեցության համար որոշում է կայացրել թռչնաֆաբրիկայի բոլոր հավերի ոչնչացման մասին:

Նաեւ վարակի օջախից 3 կմ շառավղով կարանտին է մտցվել թռչունների եւ ձվերի տեղափոխման եւ արտահանման համար:

Սա թռչնագրիպի այս տարվա առաջին եւ ձմռան չորրորդ դեպքն է: Դեկտեմբերին թռչնագրիպի վիրուսը հայտնաբերվել էր Միյաձակի եւ Յամագուտի պրեֆեկտուրաների երկու թռչնաֆաբրիկաներում:  Անցած տարվա երեք բռնկումների պատճառով 150 000 հավ ստիպված ոչնչացվել է: