Ի՞նչ է սթրեսը: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում եւ վնասակա՞ր է արդյոք այն մարդու օրգանիզմի համար: Այս ամենի մասին Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանն է պատմել:

Սթրեսն օրգանիզմի նորմալ հարմարվողականությունն է ինչ-որ կերպ նրա հավասարակշռության վիճակը խախտող արտաքին ազդակին: 

Բոլոր կենդանի արարածներն իրենց կյանքի ընթացքում ինչ-որ կերպ առնչվում են սթրեսին: Ինչպես նշեց մասնագետը, միայն մահացածը կարող է խուսափել սթրեսներից: Յուրաքանչյուր փոփոխություն սթրես է, նույնիսկ եթե մարդն այն չի գիտակցում: 21-րդ դարում լուրջ սթրեսների աղբյուր կարող է լինել նույնիսկ տեղեկատվությունը, որը վերջին ժամանակներում շատ է եւ հիմնականում բացասական:  Հայաստանում վերջին մի քանի օրերին ամբողջ բնակչության համար լուրջ սթրեսի աղբյուր էր Գյումրիի ողբերգական դեպքը, որտեղ զինվորը մի ամբողջ ընտանիքի վրա էր կրակել, ինչպես նաեւ Քաջարանի պատմությունը, որտեղ մարդիկ վարակվել են հեպատիտ C-ով:

Որքանո՞վ է սթրեսը վնասակար կամ վտանգավոր օրգանիզմի համար:

Մասնագետի խոսքով ոչ ծանր սթրեսը նույնիսկ օգտակար է. այն ստիպում է օրգանիզմին մոբիլիզացնել իր ուժերը եւ ավելի արդյունավետ սկսել գործել: Սա վերաբերում է ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիներին, որը վերջիններիս համար գործել սկսելու դրդիչ կարող է լինել:

Սակայն շարունակական սթրեսն արդեն այդքան էլ օգտակար չէ եւ սպառում է օրգանիզմին: Սթրեսի ժամանակ սրտանոթային եւ նյարդային համակարգերն ակտիվանում են, եւ, չնայած կարճաժամկետ «ակտիվության» դեպքում ոչ մի վատ բան չի կարող լինել, մարդու շարունակական լարվածության դեպքում արդեն կարող են թե´ հոգեբանական, թե´ ֆիզիկական խնդիրներ ծագել:

Սթրեսի շարունակական ազդեցության պատճառով հոգեբանական առումով կարող են սրվել առկա խնդիրները, նաեւ առաջին անգամ կարող են հիվանդություններ եւ խանգարումներ հայտնվել, եթե մարդը դրանց հանդեպ հակում ունի:

Ինչ վերաբերում է ֆիզիկական խնդիրներին, սթրեսը կարող է մի ամբողջ շարք հիվանդությունների կամ դրանց բարդությունների պատճառ դառնալ՝ սկսած ավելորդ քաշից եւ շաքարախտից մինչեւ սրտանոթային հիվանդություններ: