17-ամյա անգլուհի Հեյլի Սմիթն անսովոր եւ հազվադեպ հիվանդության զոհ է դարձել, որի պատճառով երեք տարվա ընթացքում նա իրեն մեռած է համարել: Կոտարի համախտանիշը նիհիլիստական (մերժողական), հիպոխոնդրիկ, դեպրեսիվ զառանցաք է, որն ստիպում է մարդկանց հավատալ, որ իրենք արդեն մահացել են կամ էլ զրկվել մարմնի մասերից որեւէ մեկից:
Հեյլիի մոտ հիվանդությունը հանկարծակի է հայտնվել. մի անգամ դպրոցում անգլերենի ժամին նա հանկարծ իրենց մահացած է զգացել: Տուն վերադառնալով՝ նա սկսել է գերեզմանոցի մասին մտածել, քանի որ ցանկացել է մեռյալներին ավելի մոտ գտնվել:
Սկզբում նա որոշել է, որ երկար քունը կօգնի հաղթահարելու կպչուն վիճակը, բայց քունը նրան չի օգնել. նրա մարմինն աստիճանաբար փայտացել է, նա չի կարողացել ձեռքերով առարկաներ պահել, դադարել է դպրոց հաճախել եւ ամբողջությամբ կորցրել է կյանքի հանդեպ հետաքրքրությունը:
Ամբողջ օրն աղջիկը քնել է, իսկ արթնացել է միայն գիշերներին, եւ նրա բոլոր ֆանտազիաները գերեզմանոցների մասին են եղել:
Հոգեբույժն անմիջապես Կոտարի համախտանիշ է ախտորոշել, եւ երկարատեւ հոգեթերապիան օգնել է նրան ժամանակի հետ վերադարձնել նորմալ ինքնազգացողությունը: Նրան նաեւ շատ են օգնել դիսնեյան ֆիլմերը, որոնք դիտելիս աղջիկը հասկացել է, որ ցանկանում է ապրել եւ ողջ լինել:
Այս անսովոր խանգարման առաջին դեպքերը գրանցվել են 1788 թ., բայց հիվանդությունն իր անվանումն ստացել է ավելի ուշ՝ 1880 թ., ֆրանսիացի նյարդաբան Ժյուլ Կոտարի շնորհիվ: Մինչեւ մեր օրերը հայտնի են ընդամենը մի քանի հարյուր նման հիվանդներ՝ ներառյալ Նյու Յորքի 53-ամյա բնակչուհին, ով 2008 թ. բժիշկներին բացատրել է, որ իրենից վատ հոտ է գալիս, քանի որ ինքը դիակ է:
Տվյալ համախտանիշով մի քանի հիվանդներ իրականում մահանում են հյուծվելուց, քանի որ դադարում են սնվել: Այդ մարդիկ սննդի մեջ պարզապես իմաստ չեն տեսնում. չէ՞ որ իրենք իրենց իսկապես մահացած են համարում:







