Լուրջ բարդությունների ռիսկը՝ մեռելածնություն, վաղաժամ ծննդաբերություն, ցածր քաշը ծննդաբերության ժամանակ եւ նեոնատալ մահ՝ երկու անգամ ավելի բարձր է օժանդակ վերարտադրողական համակարգերի օգնությամբ ծնված երեխաների մոտ, քան բնական եղանակով ծնված երեխաների։ Այսպիսին են Ադելաիդայի Համալսարանի Ռոբինսոնի ինստիտուտի կողմից իրակացված հետազոտության արդյունքները:

Հետազոտողները 17-ամյա կտրվածքով  Հարավային Ավստրալիայում ուսումնասիրել են ավելի քան  300 000 ծնունդ, որոնցից  4300 երեխա ծնվել են օժանդակ վերարտադրողանակության միջոցով, տեղեկացնում է Newsmax Health-ը։ 

«Ի տարբերություն բնական բեղմնավորման միջոցով ծնված երեխաների, արհեստական բեղմնավորման միջոցով ծնվածների մոտ երկու անգամ ավելի բարձր է մեռելածնության, երեք անգամ ավելի բարձր անհաս լինելու, եւ երկու անգամ ավելի բարձր է հետծննդաբերական 28 օրվա ընթացքում մահանալու հավանականությունը»,-  ասում է առաջատար հետազոտող Մայքլ Դեվիսը, ում եզրակացությունները հրապարակվել են PLoS ONE ամսագրում:

«Այս արդյունքները փոփոխվում են կախված օգտագործվող բեղմնավորման մեթոդից»,- ավելացնում է նա, նշելով, որ հետազոտության ընթացքում համեմատվել են  բեղմնավորման բոլոր տեսակների կողմնակի արդյուքները՝ արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ),  սպերմատոզոիդների ներցիտոպլազմատիկ բեղմնավորում (ՍՆՑԲ), ձվազատման խթանում եւ էմբրիոնի կրիոկոնսերվացիա: