Երբ մարդը պետք է շատ բան հասցնի կատարել, նրան սկսում է թվալ, որ ժամանակը չափազանց արագ է թռչում, եւ նրանց ոչ մի բան չի հերիքում: Ինչպես ցույց է տվել Դյուկի համալսարանի գիտնականների հետազոտությունը, կոնֆլիկտային նպատակների առկայությունն (օրինակ, եթե մարդը ցանկանում է ե´ւ շատ աշխատել, ե´ւ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել) ավելի ուժեղ է արագացնում ժամանակի սուբյեկտիվ ընթացքը:
Ժամանակի պակասի զգացումը մարդկանց մոտ բարձրացնում է անհանգստությունը եւ սթրեսի մակարդակը: Սակայն այս զգացումը հնարավոր է հաղթահարել ինքներս մեզ սթրեսի բոլոր բացասական հետեւանքներից պաշտպանելու համար: Պետք է պարզապես...շնչել: Գիտնականները փորձարկում են իրականացրել, որտեղ հակասական նպատակներ ունեցող մասնակիցների կեսին խնդրել են շնչելու ընթացքում հաշվել մինչեւ 11-ը, իսկ հակասական նպատակներ ունեցող մյուս կամավորներին՝ պարզապես հաշվել մինչեւ 11-ը: Պարզվել է, որ պարզունակ շնչառական վարժության շնորհիվ մարդիկ ավելի քիչ են անհանգստացել, եւ նրանց թվացել է, որ իրենք ավելի շատ ժամանակ ունեն, քան նրանք, որոնք ուղղակի հաշվել են: Բացի դրանից, ժամանակի սուբյեկտիվ ընթացքը դանդաղել է «Ես հուզված եմ» արտահայտությունը բարձրաձայն արտաբերած մարդկանց մոտ:
Նպատակների հակասության դեպքում ժամանակի սուբյեկտիվ ընկալման ուսումնասիրության համար հետազոտողները երկու փորձարկում են իրականացրել: Առաջին փորձարկման ժամանակ մասնակիցներին խնդրել են իրար հակասող երկու նպատակ գրել: Ստուգվող խմբի մասնակիցները գրել են միմյանց չհակասող նպատակներ: Այնուհետեւ գիտնականները գնահատել են մասնակիցների՝ ժամանակի սուբյեկտիվ ընկալումը:
Առաջնահերթ, մասնագետները մասնակիցներին խնդրել են երկու մեքենաների միջեւ ընտրություն կատարել՝ հիմնվելով երթեւեկության միջոցների անվտանգության եւ շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության վերաբերյալ հետազոտության տվյալների վրա: Կամավորները, որոնց ասել են, որ առավել հուսալի մեքենան էկոլոգիապես անվտանգն է, սթրես են ապրել եւ զգացել՝ ասես իրենց ժամանակը քիչ է, ի տարբերություն այն մասնակիցների, ովքեր կարողացել են ընտրել երկու կետերով մյուսին գերազանցած ավտոմեքենան:
Բացի դրանից, իրարամերժ նպատակների պատճառով մասնակիցները պատրաստ են եղել քիչ սպասել եւ շատ վճարել: Երկրորդ փորձարկման ժամանակ հետազոտողները մասնակիցներին ասել են, որ ընտրած մեքենայից դեռ չկա, եւ որ նրանք պետք է սպասեն: Հակասությունների ենթարկված մասնակիցները համաձայնել են ավելի քիչ սպասել, քան նրանք, ովքեր նպատակների հարցում հակասություն չեն ունեցել: Ուրիշ սցենարով մեկ այլ փորձարկման ժամանակ իրարամերժ նպատակներ ունեցող կամավորները պատրաստ են եղել DVD սկավառակների առավել արագ առաքման համար 30%-ով ավելի վճարել:






