25-ամյա Մարինե Մկրտչյանը, ով նախորդ տարվա վերջում Քաջարանում հեպատիտ Ց-ով էր վարակվել, դեռ շարունակում է բուժում ստանալ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։
Նրա վիճակը փոքր ինչ բարելավվել է, սակայն դեռ կա սրտխառնոց եւ այլ ախտանիշներ, որոնց պատճառը բժիշկներն այժմ փորձում են պարզել։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հենց Մարինե Մկրտչյանն է պատմել։
Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին, Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատել էին Մարինեի կույրաղիքը։ Վիրահատությունից հետո աղջիկն իրեն վատ էր զգացել եւ, հիշելով նույն քաղաքում հեպատիտ Ց-ով վարակված այլ մարդկանց մասին, նույնպես գնացել էր ստուգվելու եւ պարզել, որ նույնպես վարակվել էր։
Պետպատվերի շրջանակներում իրականացվող սուր հեպատիտի բուժումը սովորաբար մոտ 10-12 օր է տեւում, բայց Մարինեի բուժումը մի փոքր ձգձգվում է, եւ վիրուսը դեռ չի շտապում նահանջել։
Մինչդեռ երիտասարդ կինը բժիշկների հետ միասին պայքարում է իր առողջության համար, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, անվտանգության կանոններին չհամապատասխանող` 2 եւ ավելի անձանց առողջությանը վնաս պատճառած ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Քաջարանում առնվազն 8 հոգի հեպատիտ Ց-ով է վարակվել, եւ բացառված չէ, որ վարակի աղբյուրը քաղաքի բժշկական կենտրոնն էր։






