Անկախ այն բանից, թե ինչ կպարզվի Քաջարանում հեպատիտ Ց-ի վարակի աղբյուրի մասին, այս դեպքը միանշանակ լավ դաս կլինի երկրի բոլոր բուժհաստատությունների համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին Քաջարանի բժշկական կենտրոնի բուժ. գծով տեղակալ Վիրաբ Մանասյանն է ասել:
Վիրաբ Մանասյանի խոսքով՝ դեռ ապացուցված չէ, որ հեպատիտ Ց-ի վարակի աղբյուրը հենց Քաջարանի բժշկական կենտրոնի վիրահատարանն էր: Այժմ կլինիկայում Երեւանից ժամանած մասնագետները ստուգումներ են անցկացնում, հետազոտում են դեպքերը եւ պետք է պարզեն, արդյոք կլինիկալում որեւէ խնդիր կամ սայթաքում կա: Ստուգումները, նրա խոսքով, հնարավորություն կտան գտնել բոլոր «թույլ օղակները» եւ ամրացնել դրանք, որպեսզի կլինիկան նորից կարողանա աշխատել: Հավանաբար այդ ամենը դրականորեն կանդրադառնա կլինիկայի հետագա աշխատանքի վրա, ինչպես նաեւ կստիպի երկրի բոլոր այլ բուժհաստատությունների աշխատակիցներին ավելի զգույշ եւ ուշադիր լինել:
Հիշեցնենք, որ Քաջարանում բնակվող առնվազն ութ հոգու մոտ հայտնաբերվել է հեպատիտ Ց: Բոլոր ութ քաղաքացիները վիրահատվել էին քաղաքի բժշկական կենտրոնում; նրանցից մեկն էր 25-ամյա Մարինեն: Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները Քաջարանի բժշկական կենտրոնում իրականացրել էին ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների գնահատման ուսումնասիրություն, որի արդյունքում վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ շեղումներ էին հայտնաբերվել: Մասնագետները չեն բացառում, որ վարակի աղբյուրը կարող էր հենց կլինիկան լինել:






