Կարծիք կա, որ գունավոր ոգելից խմիչքները (օրինակ՝ գինին, գարեջուրը կամ կոնյակը) վնասակար են, այնինչ անգույն տարբերակները (օրինակ՝ օղին) կարելի է խմել. դրանք ոչ միայն վնասակար չեն, այլեւ երբեմն նույնիսկ օգտակար են: Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը հավաստիացնում է, որ այդ կարծիքը թյուր է, եւ ալկոհոլը մնում է ալկոհոլ՝ անկախ իր գույնից:
Ինչպես նա ասել է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, ինքը հաճախ է այնպիսի հիվանդների հետ առնչվել, որոնք ասել են, որ խստորեն հետեւել են «կանոնին». գունավոր խմիչքները չեն չարաշահել եւ միայն օղի են խմել, սակայն չգիտես ինչու՝ նրանց մոտ մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ են սկսվել: Գաստրոէնտերոլոգի խոսքով, մեր բնակչության շրջանում շատ տարածված այս կարծիքը սխալ է. իրականում ցանկացած ոգելից խմիչքը չարաշահելու դեպքում կարող է վնասել, եւ ցանկացածն էլ կարելի է չափի մեջ խմել:
Որտեղի՞ց է բնակչության մեջ գունավոր խմիչքների վնասակարության եւ թափանցիկ/անգույն տարբերակների օգտակարության մասին այդ առասպելն առաջացել:
Հավանաբար, բանն այն է, որ օղու պատրաստման գործընթացն ավելի հեշտ է եւ էժան, քան, ասենք կոնյակի, գինու կամ նույնիսկ գարեջրի պատրաստման եղանակը: Քանի որ օղու պատրաստման եղանակը տնտեսապես բավականին շահավետ է, դրա օգտակարության եւ մյուս բոլոր խմիչքների նկատմամբ առավելության շուրջ միֆեր են ստեղծվել: Այդ միֆերն արագորեն տարածվել են այն մարդկանց շրջանում, ովքեր շատ են խմել եւ ցանկացել դրան որեւէ արդարացում գտնել:
«Իրականում ցանկացած տեսակի ալկոհոլի չարաշահումն առողջության համար վտանգավոր է, եւ կարեւոր չէ, թե ինչ գույն ունի խմիչքը»,-պարզաբանեց բժիշկը:
Նրա խոսքով, օրական կարելի է 1-2 բաժակ օղուց եւ 1-2 գավաթ գինուց ոչ ավելի խմել: Եթե շատ խմեն, թե´ օղին, թե´ գինին, թե´ մյուս բոլոր ոգելից խմիչքները, կարող են վնաս հասցնել օրգանիզմին:
Ի դեպ, գունավոր խմիչքները կարող են այն մարդկանց համար խնդիրներ ստեղծել, որոնք դրանցից ալերգիա ունեն: Այդ մարդիկ, իհարկե, պետք է խուսափեն գունավոր խմիչքներից (նաեւ ալերգիկ ռեակցիա առաջացնող մյուս սննդամթերքներից): Սակայն, դա կրկին չի նշանակում, որ նրանք գինու կամ կոնյակի փոխարեն կարող են շատ օղի խմել: Հատկապես ալերգիկները պետք է իմանան բոլոր չափերը:






