Ձմեռը լուրջ փորձությունների ժամանակահատված է ցանկացած տեսակի մաշկի համար, ուստի տարվա ցուրտ ամիսներին մաշկը ճիշտ խնամելն էլ ավելի կարեւոր է: Իսկ թե ինչպե՞ս պետք է խնամել մաշկը ձմռան ամիսներին այսօր լրագրողներին պատմեց բժիշկ-կոսմետոլոգ, մաշկաբան Լիլիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ձմռանը մաշկը չափազանց զգայուն է դառնում, մաշկի խնդիրներն էլ սովորաբար սրվում են, խնամքի միջոցներ ընտրելիս դա պետք է հաշվի առնել:

Մաքրող միջոցներ

Դիմահարդարման մաքրող միջոցները՝ տոնիկներ, լոսյոն եւ այլն, չպետք է սպիրտ պարունակեն, քանի որ սպիրտը հատկապես ձմռանը չորացնում եւ վնասում է մաշկը: Մասնագետը խորհուրդ տվեց մաքրող միջոցներ գնելիս անպայման համոզվել, որ դրանք սպիրտով պատրաստված չեն:

Խոնավեցնող քսուքներ

Խոնավեցնող քսուքներն ամռանը կարելի է օգտագործել օրվա ցանկացած ժամի,  ձմռանը, սակայն, «այլլ կանոններ են» գործում: Խորհուրդ է տրվում այդ քսուքները օգտագործել տնից դուրս գալուց  30 կամ ավելի լավ կլինի՝ 60 րոպե առաջ: Պատճառը, Հարությունյանի խոսքով, այն է, որ ձմռանը այդ քսուքների ջուրը հնարավոր է՝ բյուրեղանա եւ վնասի մաշկը:

Սնուցող քսուքներ

Չոր եւ զգայուն մաշկ ունեցող մարդիկ հաճախ օգտվում են նաեւ սնուցող քսուքներից, քանի որ դրանցում առկա վիտամիններն ու  հանքանյութերը օգնում են պաշպանելու մաշկը վնասակար ազդեցություններից: Այդ առումով, մասնագետի խոսքով, շատ կարեւոր են Е եւ D վիտամիններ պարունակող քսուքների օգտագործումը, քանի որ դրանք այն քիչ վիտամիններից են, որոնք ներծծվում են մաշկի մեջ:

Սակայն եթե մաշկը ճարպոտ է, ապա սնուցող եւ յուղոտ քսուքները հակացուցված են, քանի որ դրանք միայն ավելի են փակում ծակոտիները եւ կեղտոտում մաշկը: