Փետրվարի 20-ից Երեւանում կարատեի դասընթացներ են կազմակերպվելու՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, ինչպես նաեւ բոլոր այլ ցանկացողների համար:  Դասընթացներն անցկացվելու են JKA Armenia Հայաստանում կարատեի ասոցիացիայի նոր «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակներում:

Ինչպես լրագրողներին ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սեւակ Հակոբյանն է պատմել, այս նախագիծը հնարավորություն կտա կոտրել մեր հասարակության մեջ առկա կարծրատիպերն այն մասին, թե իբրեւ սահմանափակ շարժունակությամբ մարդիկ չեն կարող ակտիվ ապրելակերպ վարել, սպորտով զբաղվել եւ ինքնադրսեւորվել:

Սեւակ Հակոբյանը նշեց նաեւ, որ ասոցիացիայի մարզիչները հատուկ վերապատրաստում են անցել եւ ուսումնասիրել արեւելյան մարտարվեստները հաշմանդամություն ունեցող մարդկանց դասավանդելու մեթոդաբանությունը եւ այլ երկրների փորձը:

Նախագիծը, ինչպես նշել էինք, մեկնարկելու է փետրվարի 20-ին, իսկ մինչ այդ պետք է ձեւավորել մասնակիցների խումբը եւ ընտրել ասոցիացիայի մարզադահլիճներից մեկը, որն առավել հարմար կլինի բոլոր մասնակիցներին:

Մարզիչը նշեց, որ նախագծին մասնակցել կարող է ցանկացած մարդ՝ սայլակով կամ առանց: Միայն ցանկալի է, որ մասնակիցները գոնե մեկ գործող ձեռք ունենան, որպեսզի կարողանան ինքնապաշտպանության հիմունքները սովորել:

Նախագծին միացել են «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը, որը նաեւ խորհրդակցություն կտրամադրի միջավայրը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ավելի հարմարավետ եւ հասանելի դարձնելու համար, մի շարք այլ հասարակական կառույցներ եւ հանրահայտ մարդիկ: