Հայաստանում «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» ծրագրի շրջանակում յուրօրինակ մի ֆլեշմոբ է անցկացվելու. հայ հայտնիները լուսանկարվելու են կարատեի դասերի հաճախող, բայց սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց հետ եւ լուսանկարը տեղադրելու են սոցցանցերում:
Ֆլեշմոբի առաջին մասնակիցներից է երգչուհի Սոնա Ռուբենյանը, որն արդեն լուսանկարվել է Մանիկ Գեւորգյան անունով 15-ամյա աղջկա հետ: Չնայած սահմանափակ կարողություններին՝ Մանիկը զբաղվել է լողով եւ բավական լավ հաջողություններ գրանցել, իսկ այժմ «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» ծրագրի շրջանակում պատրաստվում է հաճախել կարատեի դասերի, որոնք հենց նախատեսված են սահմանափակ կարողություններով երեխաների համար:
Մանիկը բոլոր երեխաներին եւ դեռահասներին հորդորում է, անկախ ամեն ինչից, միանալ դասերին եւ չամաչել որեւէ բանից, քանի որ, նրա խոսքով, «բոլոր մարդիկ իրականում իրար նման են»:
Երգչուհի Սոնան իր հերթին նշեց, որ մեծ հաճույքով է միացել նախագծին եւ հուսով է, որ իր մասնակցությունը կօգնի սեւեռել հասարակության ուշադրությունը սահամանափակ կարողություններով մարդկանց խնդիրներին: Նա նաեւ հույս հայտնեց, որ հայ մյուս հայտնիներն էլ կմիանան ակցիային:
«Ես ցանկանում եմ, որ բոլոր հայտնի, ինչպես նաեւ ոչ հայտնի մարդիկ միանան այս ակցիային: Այս ոլորտում շատ տարբեր խնդիրներ կան, եւ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք ինչ-որ ձեւ նպաստել դրանց լուծմանը», - ասաց երգչուհին:






