Մարդկանց մեծ մասը արեւից պաշտպանվելու քսուքներ եւ լոսյոններ է օգտագործում միայն ամռանը։ Նրանցից շատերն անգամ չեն էլ պատկերացնում, որ դրանք կարելի է օգտագործել նաեւ տարվա մյուս եղանակներին։ Այդուհանդերձ, բժիշկ-կոսմետոլոգ, մաշկաբան Լիլիթ Հարությունյանը կարծում է, որ մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պետք է պաշտպանել տարվա բոլոր եղանակներին, այդ թվում ձմռանը։

Մասնագետի կարծիքով՝ անկախ մաշկի տեսակից՝ արեւից պաշտպանվելու միջոցները ցանկալի է օգտագործել ամեն օր՝ տնից դուրս գալիս։ Սակայն տարվա տարբեր եղանակների ցանկալի է օգտագործել տարբեր միջոցներ։

Լիլիթ Հարությունյանի կարծիքով ամռանը տնից դուրս գալուց առաջ անհրաժեշտ է մաշկին քսել SPF30  եւ ավել պաշտպանություն ունեցող քսուք։ Նման քսուքները կարող են պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից եւ պահպանել այն երիտասարդ ու առողջ։

Ձմռանը, սակայն, ուլտրամանուշակագույն ճառագայթները չեն վերանում եւ վնասում են մեր մաշկը այնպես, ինչպես եւ ամռանը։ Հենց այդ պատճառով ձմռանը նույնպես անհրաժեշտ է անպայման արեւից պաշտպանվելու միջոցներ օգտագործել։ Իհարկե, եթե պայծառ արեւոտ օր չէ կամ չկա ձյուն, կարելի է ընտրել ավելի թույլ արեւից պաշտպանվելու միջոցներ։

Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ ցանկալի է, որ հիպերպիգմենտացիա կամ մի շարք մաշկաբանական հիվանդություններ ունեցող մարդիկ նույնիսկ ձմռանը օգտագործեն պաշտպանության բարձր գործոնով միջոցներ, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են սրացնել խնդիրը եւ զգալի վնաս հասցնել մաշկին։