«Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բժշկական կենտրոնում առաջին անգամ իրականացվել է ծնկից ներքեւ գտնվող անոթների բալոնային անգիոպլաստիկա։ Տվյալ վիրահատության եւ, առհասարակ, բուժման միջամտողական մեթոդների բարդությունը պերիֆերիկ անոթների դեպքում այն է, որ դրանց տրամաչափը չափազանց փոքր է (1-2 մմ)։ Վիրահատված հիվանդի մոտ արդեն իսկ առաջացել էր ոտքի անդամահատման անհրաժեշտություն, եւ բժիշկները, որոշակի ռիսկի գնալով, փորձեցին փրկել նրա վերջույթը։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է վիրահատությունն իրականացնող բժշկուհին՝ անգիոգրաֆիկ ծառայության ղեկավար, ինտերվենցիոն սրտաբան Նարինե Գոջաբաշյանը։ Նրան վիրահատության ընթացքում աջակցել է «Մալաթիա» ԲԿ-ի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, բգթ Գալուստ Բարաղամյանը։
Ինչպես նշեցին բժիշկները, բալոնային անգիոպլաստիկան վերջույթների զարկերակային անոթների դիլատացիայի մեթոդ է։ Այն կատարվում է պերիֆերիկ անոթի նեղացման կամ օկլյուզիայի դեպքում։
Բալոնային անգիոպլաստիկան իրականացվում է ռենտգենային վերահսկողության պայմաններում։ Մազանման հատուկ սարքավորման միջոցով վնասված անոթի մեջ տեղադրվում է հատուկ բալոնային կաթետեր, որը լցվում է օդով եւ լայնացնում անոթի տվյալ հատվածը։ Բալոնային անգիոպլաստիկան անհրաժեշտության դեպքում կարող է համադրվել էնդովասկուլյար ստենտի իմպլանտացիայի հետ։
Անգիոպլաստիկան կամ ստենտավորումն ինքնին չեն բուժում հիվանդությունը։ Աթերոսկերոզի պատճառ հանդիսացող բոլոր ռիսկային գործոնների պահպանման դեպքում օկլյուզիան կարող է կրկնվել, սակայն այստեղ կարեւոր է կողմնաճյուղային (կոլատերալ) համակարգի զարգացումը։ Ինչպես պատկերավոր բացատրեց Ն. Գոջաբաշյանը, այստեղ գործ ունենք այն էֆեկտի հետ, որն ի հայտ է գալիս փարթամ ծառի ճյուղերի էտելու դեպքում. կտրած ճյուղի փոխարեն մի քանի նոր ճյուղ է աճում։ Ինչ վերաբերում է անոթներին, ապա դրանցից մեկի խցանման դեպքում, տվյալ անոթը փոխարինվում է հարեւան ավելի մանր անոթներով (կոլատերալներով), որոնք սկսում են զարգանալ՝ հասնելով անհրաժեշտ չափսերի, ինչի շնորհիվ էլ անոթներում արյան շրջանառությունը շարունակվում է։
Պերիֆերիկ անոթների դիլատացիան առավել արդիական է շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեպքում, որոնց մոտ զարգանում է այսպես կոչված «դիաբետիկ ոտնաթաթը», որը կարող է հանգեցնել փտախտի եւ վերջույթի անդամահատման։
Ինչպես բացատրեց Գալուստ Բարաղամյանը՝ դիաբետիկները, որպես կանոն, տառապում են նաեւ անոթների աթերոսկլերոզով, որը զարգանում է բավականաչափ արագ։ Հիվանդների 12-18 տոկոսի դեպքում ախտահարվում են նաեւ ստորին վերջույթների մագիստրալային անոթները։ Այս դեպքում հիվանդների մի մասի մոտ զարգանում է նաեւ ստորին վերջույթների իշեմիան, որը զուգորդվում է դադարի ցավերով։ Հիվանդության զարգացումը կարող է հանգեցնել վերջույթի անդամահատմանը։ Հենց այս հիվանդներին է կոչված օգնել բալոնային անգիլոպլաստիկայի կամ ստենտավորման միջոցով վերջույթների դիլատացիայի մեթոդը։ Վիրահատական միջամտության այլ տարբերակներն այստեղ անզոր են։
«Մալաթիա» ԲԿ-ում վիրահատված կինը շաքարախտով չի տառապում, բայց նա ունի աթերոսկլերոզ՝ երիկամային անբավարարության ֆոնին։ Կինը դիալիզ է ստանում։ Քսան օրվա ընթացքում նրա մոտ զարգացել է աջ ստորին վերջույթի սուր ցավերով ուղեկցվող իշեմիա։ Բժիշկները ստիպված էին ընտրություն կատարել էնդովասկուլյար միջամտության եւ վերջույթի անդամահատման միջեւ։ Այս հիվանդի դեպքում անդամահատությունը կարող էր հանգեցնել բարդացումների՝ ընդհուպ մինչեւ մահ, եւ բժիշկները որոշեցին իրենց պրակտիկայում առաջին անգամ ծնկից ներքեւ գտնվող անոթների անգիոպլաստիկա իրականացնել։ Արձանագրված դրական արդյունքները ցույց տվեցին, որ որոշումն արդարացված էր։

Անոթների ռենտգեն պատկերը վիրահատությունից առաջ եւ հետո։






