Սրտանոթային հիվանդներին տեղադրվող ստենտների որակը Հայաստանում վերահսկում են բուժհաստատությունները, որոնք էլ ձեռք են բերում ստենտները: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը: Նա նաեւ նշեց, որ տարվա սկզբին մեկնարկած Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում ստենտների կենտրոնացված գնում չի նախատեսվում, սակայն ծրագրի իրագործման, ինչպես նաեւ օգտագործվող ստենտների որակի վերահսկումը իրականացնելու է հատուկ մոնիտորինգային խմումբը:
Իսկ ինչպե՞ս է կարգավորվում այս խնդիրները մնացած բոլոր դեպքերում:
Ենթադրվում է, որ կլինիկաները շահագրգռված են որակյալ ստենտներ օգտագործելու հարցում, քանի որ դա կապված է տվյալ հաստատության հեղինակության հետ: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այս տեսակետն էին պաշտպանում նաեւ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանը, «Նորք-Մարաշ» կլինիկայի տնօրեն Լիդա Մուրադյանը, ինչպես նաեւ «Մալաթիա» բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբանության ծառայության պետ Միքայել Ադամյանը: Համլետ Հայրապետյանը նշեց, որ պետությունը վերահսկում է ստենտների գրանցման գործընթացը դրանց ներմուծման ժամանակ, սակայն կլինիկաներում եւ հիվանդանոցներում դրանց պատշաճ որակի ապահովումը հիվանդների եւ տվյալ կլինիկայի խնդիրն է: Նրանք միասին ընտրում են գնի եւ որակի նախընտրելի հարաբերակցությունը:
«Մալաթիա»–ի ծառայության ղեկավար Միքայել Ադամյանը հայտնեց, որ «Նատալի Ֆարմ» ընկերությունը, որին պատկանում է տվյալ կլինիկան, ինքն է ներմուծում հայտնի ընկերությունների ստենտները, եւ «ձախ» ապրանք իրենք չեն վերցնում: Ըստ նրա, ստենտի մասին տվյալները արտացոլվում է հիվանդի էպիկրիզում, եւ ստենտի սերիական համարի միջոցով կարելի է համացանցում գտնել դրա մասին ողջ տեղեկատվությունը: Հ. Հայրապետյանը եւս հաստատեց, որ ստենտի «ողջ պատմությունը» կարելի է գտնել բուժվողների հիվանդության պատմության մեջ: Ըստ «Նորք Մարաշ» կլինիկայի տնօրեն Լիդա Մուրադյանի՝ այս հաստատությունում օգտագործվում են միայն ճանաչված արտադրողների որակյալ ստենտները, եւ անհայտ ծագման ստենտերի կիրառությունը բացառված է: Կլինիկայում ստենտավորումից հետո հիվանդների վեցամսյա անվճար սպասարկում գոյություն ունի, ինչը որակի երաշխավորման յուրատեսակ տարբերակ է:
Այս ոլորտի կարգավորման հարցը հետաքրքրեց մեզ այն բանից հետո, երբ թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց ժամկետանց ստենտների մեծ խմբաքանակի առգրավման մասին: Գործով այժմ զբաղվում է թուրքական դատախազությունը: Ստուգումների ընթացքում առգրավվել են ստենտների կեղծված պիտակները, ինչպես նաեւ հին դատարկ տուփերը: Փաստացի, «հմուտ գործարարները» փոխում էին ժամկետանց ստենտների տուփերը եւ այդպես վաճառում:
NEWS.am Medicine-ը ուշադրություն դարձրեց թուրքական լրատվամիջոցների այս հաղորդագրությանը այն պատճառով, որ մեր երկիրը նույնպես դժվար թե ապահովագրված լինի ժամկետանց եւ անհայտ ծագման ստենտների՝ շուկայում հայտնվելուց: Առավելեւս որ մեր երկրում թույլատրված է զուգահեռ ներմուծումը:
Սպառված օգտագործման ժամկետով ստենտներ, ինչպես նշում են տվյալ ոլորտի հետ առնչվող մարդիկ, Եվրոպայում կարելի է գնել շատ էժան գնով: Մասնավորապես, Գերմանիայում ստենտները մեծ քանակությամբ գնվում են պետական ծրագրերի շրջանակներում, իսկ երբ դրանց օգտագործման ժամկետը սպառվում է, կլինիկաները վաճառում են մնացորդը չափազանց ցածր գնով:
Օգտագործման ժամկետի սպառմանը զուգահեռ գների իջեցման քաղաքականություն են վարում նաեւ հենց արտադրող ընկերությունները, ինչն, ըստ Համլետ Հայրապետյանի, նորմալ երեւույթ է, ինչպես նաեւ այն, որ կլինիկաները կարող են ձեռք բերել այդպիսի ստենտներ, եթե դրանց ժամկետի սպառմանը դեռեւս կա մի քանի ամիս, որոնց ընթացքում հանգիստ կարելի է հասցնել օգտագործել դրանք: Առավելեւս որ, ինչպես նշեց բանախոսը, ստենտների իրական եւ հայտարարած պիտանելիության ժամկետները բավականին տարբերվում են, եւ ստենտները կարող են պիտանի լինել օգտագործման համար նույնիսկ ժամկետի սպառումից հետո մոտ վեց ամիս կամ մեկ տարի: Երբեմն արտադրողն ինքն է երկարեցնում այդպիսի ստենտների պիտանելիության ժամկետը, եթե չի հասցնում վաճառել դրանք:
Հայտնի արտադրողների մոտ, սակայն, ինչպես պնդում են գիտակ մարդիկ, ստենտը երբեք չի մնում այնքան երկար, որ սպառվի պիտանելիության ժամկետը (հասարակ ստենտների պիտանելիության ժամկետը մի քանի տարի է, դեղածածկ ստենտերինը՝ 6 ամիս): Այնպես որ ստենտի վաճառքն ինքնարժեքով միջին եւ ցածր կարգի արտադրողների մոտ ընդունված պրակտիկա է:
Իսկ ի՞նչ վտանգ է ներկայացնում հիվանդի համար ժամկետանց ստենտը: Հ. Հայրապետյանի խոսքով՝ ստենտը կարող է կորցնել իր մեխանիկական հատկությունները, ինչի հետեւանքով կարող է չտեղադրվել ճիշտ տեղում, ամբողջությամբ չբացվել եւ այլն: Դեղածածկ ստենտների դեպքում պիտանելիության ժամկետի սպառվելուց հետո դեղը կորցնում է իր ազդեցությունը: Ինչպես նշեց Միքայել Ադամյանը, ստենտի պիտանելիության ժամկետը նշված է ոչ միայն արտաքին տուփի, այլ նաեւ ներքին փաթեթավորման վրա: Այդ փաթեթավորումը վնասելու դեպքում ստենտը այլեւս ստերիլ չի լինի: Սակայն, սրտաբանների կարծիքով՝ մահացու վտանգ ժամկետանց ստենտը չի ներկայացնում:
Իսկ հիմա վերոհիշյալ պետական ծրագրի մասին: Ինչպես հայտնեց առողջապահության նախարարության գլխավոր սրտաբանը, այս ծրագրի շրջանակներում հիվանդներին տեղադրվելու են միայն հայտնի եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների արտադրության ստենտներ: Սակայն այստեղ կա մեկ «բայց». մեկ հիվանդի համար ծրագրով նախատեսված գումարը կազմում է 700 հազար դրամ, իսկ ստենտավորման գները կլինիկաներում որպես կանոն գերազանցում են մեկ միլիոնը: Այսինքն, կոմերցիայի լեզվով ասած՝ կլինիկաների համար սա շահավետ գործարք չէ: Սրտաբանների կարծիքով՝ այդ գումարը լավագույն դեպքում կարող է ծածկել կլինիկայի ծախսերը: Սակայն, ինչպես նշեց Հ. Հայրապետյանը, այս ծրագիրը մշակելիս կոմերցիոն բաղադրիչը չէր էլ հաշվի առնվել, եւ ընտրվել էին այնպիսի կլինիկաներ, որոնք պատրաստ են ապահովել որակյալ սպասարկում առանց շահույթ ակնկալելու: «Սա պատվի խնդիր է», - նշեց Հայրապետյանը:
Ցավոք սրտի, «պատիվ» եւ «հեղինակություն» հասկացությունները էթիկայի ոլորտից են, իսկ պետությանն առավել հարիր է ղեկավարվել իրավաբանական հասկացություններով, զօրօրինակ՝ «վերահսկողություն»: Իսկ հարեւան երկրում կատարվածը պետք է որ ազդակ հանդիսանա այդ «վերահսկողությունը» ուժեղացնելու համար:
Անահիտ Սարգսյան






