Դեռահաս հայրերը ավելի են հակված բնածին արատներով երեխաներ ունենալուն իրենց սերմնահեղուկի հետ կապված խնդիրների պատճառով, պնդում են բրիտանացի գիտնականները: Այս դեպքում մեծանում է աուտիզմով, շիզոֆրենիայով եւ ողնաշարի արատներով փոքրիկների լույս աշխարհ գալու հավանականությունը:

Համաձայն Քեմբրիջի գիտնականների ուսումնասիրության արդյունքերի՝ տղամարդու վերարտադրողական համակարգը սկսում է լիարժեք գործել հասունացման շրջանից մի քանի տարի հետո միայն: Առավել առողջ սպերմատոզոիդներ տղամարդը արտադրում է 20 տարեկանից սկսած: 

Փիթեր Ֆորսթերը հետազոտել է 24000 երեխայի եւ տարբեր տարիքի նրանց ծնողների ԴՆԹ-ն: ԴՆԹ-ի «դոնորի» դեր էին կատարում Գերմանիայի, Ավստրիայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի բնակիչները: Պարզվեց, որ դեռահասների (12-19 տարեկան) սպերմատոզոիդների ԴՆԹ-ում առկա մուտացիաների քանակը 6 անգամ ավել է նույն տարիքի աղջիկների ձվաբջիջների ԴՆԹ-ում պարունակող մուտացիաներից: Մուտացիաների տարբերությունը դեռահասների եւ հասուն տղամարդկանց սերմնահեղուկի ԴՆԹ-ում կազմել էր 30 տոկոս:

Սակայն, երբ լրանում է տղամարդկանց 40 տարեկանը, նրանց սերմնահեղուկի ԴՆԹ-ում մուտացիաների քանակը կրկին սկսում է աճել, ինչը վերստին բարձրացնում է երեխայի մոտ հնարավոր արատների առկայության հնարավորությունը: