«Պիլինգ» բառը լսել են, հավանաբար, բոլորը, սակայն մեծամասնությունը հստակ պատկերացում չունի, ինչ է իրենից ներկայացնում այս երեւույթը եւ ինչ նպատակ է հետապնդում:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցերին՝ բժիշկ-կոսմետոլոգ, մաշկաբան Լիլիթ Հարությունյանը պարզաբանել է, որ պիլինգը մաշկից մահացած բջիջների հեռացման պորցեդուրա է: Պիլինգը տարբեր է լինում. մահացած բջիջները կարող են հեռացվել ինչպես մաշկի մակերեսից, այնպես էլ դրա ավելի խորը շերտերից:

Պիլինգի որ տեսակն է հարմար այս կամ այն մարդուն, կախված է նրա մաշկից եւ կոնկրետ խնդրից: Բժշկի խոսքով՝ եթե հիվանդի մաշկը չոր է, ավելի նպատակահարմար է մակերեսային պիլինգ իրականացնել, իսկ հիպերպեգմենտացիայի եւ մի շարք այլ խնդիրների դեպքում՝ շատ ավելի խոր «մաքրում» է անհրաժեշտ:

Կարելի՞ է արդյոք պիլինգն ինքնուրույն անել

Ինքնուրույն, նշում է Լիլիթ Հարությունյանը, կարելի միայն սովորական սկրաբ օգտագործել, որը նույնպես հեռացնում է մահացած բջիջները մաշկի մակերեսից:

Իսկ ահա պրոֆեսիոնալ սկրաբը, ինչպես նաեւ պիլինգը, ինքնուրույն անել չի կարելի, քանի որ դրանք պետք է տեղի ունենան մասնագետի անմիջական վերահսկողության պայմաններում:

«Բացի այդ, հենց բուն պիլինգով, որպես կանոն, պրոցեդուրան չի սահմանափակվում: Շատ կարեւոր է հետեւել մաշկին ինչպես պիլինգից առաջ, այնպես էլ դրանից հետո՝ մինչեւ մաշկի ամբողջական ապաքինումը»,- նշում է մասնագետը:

Երբ եւ ու՞մ է հակացուցված պիլինգը

Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ պիլինգի հիմնական հակացուցումը տարվա եղանակն է: Ամռանը պիլինգի դիմել խորհուրդ չի տրվում, քանի որ պրոցեդուրայից հետո մաշկը ավելի զգայուն է դառնում եւ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են լրջորեն վնասել այն: Տարվա այս եղանակին, մասնագետի պնդմամբ, միայն մակերեսային պիլինգ կարելի է իրականացնել:

Ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ մաշկն ավելի զգայուն դարձնող դեղեր ընդունող մարդկանց նունպես խորհուրդ է տրվում խուսափել պիլինգից: