Հայերի ու հայուհիների մեծամասնության մոտ մաշկը յուղոտ է, սակայն, չնայած դրան, շատերը հաճախ բախվում են մաշկի չորության եւ թեփոտման խնդրի հետ: Ընդ որում՝ ավելի հաճախ դա տեղի է ունենում գարնանն ու աշնանը:

Ինչու՞ է չոր մաշկը թեփոտում եւ ինչպես պայքարել այս երեւույթի դեմ:

Բժիշկ-կոսմետոլոգ, դիետոլոգ Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ մաշկը կարող է չոր դառնալ մի շարք պատճառներով, որոնցից են տարբեր հիվանդությունները: Պարզել իրական պատճառն առանց մասնագետի օգնության հնարավոր չէ: Գարնանն ու աշնանը մաշկը սովորաբար չորանում է օրգանիզմում վիտամինների ու միներալների սակավության պատճառով:

Եթե ձեր մաշկը չորանում է ու սկսում թեփոտել, մասնագետը խորհուրդ է տալիս փոփոխություն մտցնել սննդակարգում՝ դրա մեջ ավելի շատ ներառելով վիտամիններով ու միներալներով հարուստ սնունդ, քանի որ գարնանն ու աշնանը օրգանիզմը վիտամինների ու միներալների կարիք ունի: Վիտամիններով ու միներալներով հարուստ սնունդ են համարվում մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաեւ թարմ կանաչին ու ընկուզեղենը:

Կարելի է, իհարկե, նաեւ խոնավացնող քսուկներ օգտագործել, բայց քանի որ խնդրի իրական պատճառը, որպես կանոն, հիմնականում գտնվում է «ներսում», ավելի նախընտրելի է մաշկի չորության դեմ պայքարել ճիշտ սննդակարգի, այլ ոչ թե քսուկների միջոցով:

Իսկ եթե ճիշտ սննդակարգը չի օգնում, կարելի է վիտամինային կոմպլեքսներ ընդունել, սակայն, նախընտրելի է դրանք օգտագործելուց առաջ խորհրդակցել  մասնագետի հետ: Քանի, որ, բացառված չէ, որ խնդիրը ոչ թե ավիտամինոզի, այլ որեւէ մաշկային հիվանդության մեջ է: Պետք է նկատի ունենալ, որ այս դեպքում վիտամինների ընդունումը երբեմն կարող է նպաստել հիվանդության սրմանը: