Ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել մի շարք ցավալի երեւույթների: Մենք արդեն գրել ենք այն մասին, թե ինչպես պետք է հաղթահարել չափից շատ ուտելուց հետո ի հայտ եկած մարսողական խնդիրները: Այժմ գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը կներկայացնի ալկոհոլի չարաշահման հետեւանքով ինքնազգացողության վատթարացման դեմ պայքարի միջոցները:
Մասնագետի խոսքով՝ ալկոհոլային թունավորման դեպքում պետք չէ որեւէ բան ինքնուրույն ձեռնարկել: Ամեն դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետին: Եթե մարդն ի վիճակի է գնալ հիվանդանոց, ամեն դեպքում ավելի լավ է դա անել, անգամ եթե հետո պարզվի, որ դրա կարիքը չկար:
Իսկ եթե տուժածն ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվել, պետք է շտապ օգնություն կանչել: Թող շտապ օգնության բժիշկը գնահատի հիվանդի վիճակը եւ որոշում ընդունի, կարելի է արդյոք նրան տանը թողնել, թե հոսպիտալացումն ամեն դեպքում անհրաժեշտ է: Եթե բժիշկը որոշի, որ հիվանդը կարող է տանը մնալ, նա պետք է ցուցումներ տա, ինչպես խնամել հիվանդին:
Հիշեցնենք, որ ալկոհոլային թունավորումը կարող է ի հայտ գալ ցանկացած ալկոհոլային խմիչքի չարաշահման հետեւանքով՝ լինի դա գունավոր թե անգույն խմիչք: « Անգույն » ալկոհոլի անվտանգությունը, ըստ մասնագետի, ընդամենը միֆ է: Իրականում ցանկացած ալկոհոլային խմիչք վնասակար է առողջության համար, քանի որ մեծացնում է կաթվածի եւ ինսուլտի հավանականությունը եւ թուլացնում իմունիտետը: Ալկոհոլը կարող է նույնիսկ հանգեցնել տկարամտության՝ դեմենցիայի զարգացմանը։ Ալկոհոլը բացասաբար է անդրադառնում նաեւ սերմնահեղուկի որակի վրա: Հենց այդ պատճառով էլ տոների ընթացքում խորհուրդ չի տրվում երեխա բեղմնավորել:
Իսկ ալկոհոլային թունավորումից խուսափելու նպատակով Հայկ Մանասյանը խորհուրդ է տալիս չմոռանալ ալկոհոլի օգտագործման մշակույթի մասին, որի շնորհիվ կարելի է զգալիորեն նվազեցնել օգտագործվող ալկոհոլի քանակը:






