Մանուալիստ եւ ֆիզիոթերապեւտ Գագիկ Կարապետյանը կարծում է, որ շատ ու շատ ցավերի ու հիվանդությունների պատճառ կարող են լինել ողնաշարի հետ կապված խնդիրները:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ողնաշարի եւ մնացած բոլոր օրգանների առողջական վիճակի միջեւ անմիջական կապ գոյություն ունի: Օրինակ, եթե մարդը ողնաշարի գոտկատեղային հատվածի հետ կապված խնդիրներ ունի, հավանական է, որ դա հանգեցնի սեռական կյանքի խանգարումներին: Իսկ ողնաշարի կրծքային հատվածի խնդիրները կարող են անդրադառնալ սրտի աշխատանքի վրա:

Մասնագետը պատմեց նաեւ, որ վերջերս իր մոտ սրտի ցավերից գանգատվող մի կին է եկել: Մեկ տարի նա բուժվել է սրտաբանի մոտ, սական դեղամիջոցներից եւ ոչ մեկը նրան չէր օգնել, ցավերը չէին անցնում: Պարզվեց, որ նա օստեոխոնդրոզ ունի: Ողնաշարը բուժելուց հետո սրտի հետ կապված խանգարումները, որոնք, ինչպես պարզվեց, ողնաշարի խնդիրներով էին պայմանավորված, այլեւս կնոջը չէին անհանգստացնում: 

Մասնագետներից շատերը պնդում են, որ ողնաշարի գերծանրաբեռնվածությունը կարող է ոչ միայն մի շարք օրգանների հետ կապված խնդիրների եւ տարօրինակ ցավերի, այլ նաեւ շատ սուր գլխացավերի, նյարդային համակարգի խանգարումների, վախերի եւ մի շարք այլ հոգեբանական խնդիրների պատճառ հանդիսանալ:

Գագիկ Կարապետյանի խոսքով՝ առավել հաճախ են իրեն դիմում ռադիկուլիտով եւ իշիասով, տարբեր գլխացավերով եւ մի շարք այլ նմանատիպ խնդիրներով մարդիկ: Բոլոր այս խնդիրները տարածված են Հայաստանում այն պատճառով, որ մեր հայրենակիցների մեծամասնությունը անառողջ կենսակերպ է վարում, սննդակարգն էլ եւս առողջ համարել չի կարելի: