Գյումրիի Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում բնակվող չորս երեխաներին, ում մոտ պիոդերմիա մաշկային հիվանդություն է ախտորոշվել, առաջարկվել է տեղափոխել հիվանդանոց, սակայն նրանց մայրը հրաժարվել է երեխաների հոսպիտալացումից։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ սովորաբար այդ հիվանդությունը բուժվում է ամբուլատոր պայմաններում, բայց քանի որ նրանց բնակության պայմանները շատ վատն են, եւ հարցն էլ մեծ հնչեղություն է ստացել, շտապօգնության մեքենա է ուղարկվել երեխաների հետեւից, բայց մայրը հրաժարվել է նրանց հիվանդանոց տեղափոխել։

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am Medicine-ը, Գյումրիի նախկին տեքստիլ գործարանին պատկանող հանրակացարանում բնակվող մեկ ընտանիքի չորս երեխաների մոտ ախտորոշվել էր պիոդերմիա՝ մաշկային հիվանդություն, որն ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետ Լիանա Թորոսյանի վարակիչ չէ, եւ հիվանդության առաջացման պատճառ կարող են լինել այն ծանր կենցաղային պայմանները, որում ապրում է այդ ընտանիքը՝ տատիկ, հարս, տալ եւ 11 երեխա։

Գյումրիի հանրակացարանում բնակվող երեխաների հիվանդության պատճառը հակասանիտարական վիճակն է