Ռուսաստանում բաձրությունից մեկուկես մետրանոց հարպունի վրա ընկած երեխային հաջողվել է կենդանի մնալ: Մետաղյա ձողը խրվել է երեխայի մարմնի մեջ եւ դուրս եկել մյուս կողմից:

9-ամյա Վանյա Բոնդարենկոն Կրասնոդարի Շկուրինսկայա բնակավայրից եղբայրների հետ խաղալու ընթացքում մագլցել է խոտի դեզի վրա եւ ներքեւ ցատկել ՝ այդպիսով խոցելով ինքն իրեն գետնից ցցված երկաթյա հարպունով:

Սուր ձողը խրվել է երեխայի աճուկի մեջ եւ դուրս եկել որովայնի միջով դեպի ողնաշարային հատված: Վախեցած եղբայրները վազել են հարեւանների հետեւից, իսկ հարեւաններն էլ արդեն շտապ օգնություն են զանգահարել եւ հայտնել կատարվածի մասին երեխայի մորը:

«Տղաս պառկած էր: Նրա մարմնում այդ ձողն էր… Հարեւանն էլ բռնել էր ձողը, որ այն չշարժվի.. Մենք նրան շատ զգույշ վերցրեցինք, դրեցինք պատգարակի վրա ու տարանք հիվանդանոց», - LifeNews-ին պատմել է երեխայի մայրը՝ Նատալիա Բոնդարենկոն:

Այդ ձողը ստիպված եղան բռնել եւս երեսուն րոպե շտապ օգնության մեքենայում, որպեսզի երեխան արնաքամ չլինի: Մոտակա հիվանդանոցը հարեւան գյուղում էր. 20 կիլոմետր: Ողջ բուժանձնակազմն, ինչպես ասվում է, իրար էր խառնվել, գյուղական հիվանդանոցի համար սա չտեսնված դեպք էր: Սերգեյ Մելնիկը՝ երեխային վիրահատած բժիշկը, որոշեց չհապաղել՝ միանգամից գործի անցնելով ընդունարանում: Ընդ որում՝ որպես վիրահատական գործիք նա օգտագործել է… սղոցելու էլեկտրական գործիքը՝ այսպես կոչված «բոլգարկան» : Այդ գործիքի միջոցով նա կտրել է ձողի՝ երեխայի մարմնից ցցված մասը: Այնուհետեւ Վանյային տարել են վիրահատարան:

Վիրահատությունը հաջող է անցել: Մի քանի ժամ անց երեխային ընդհանուր պալատ են տեղափոխել, իսկ հիմա նա ամբուլատոր բուժում է ստանում: