24-ամյա Ջոանա Մելորի սիրտը հանկարծակի կանգ է առել, երբ նա պառկել է քնելու: Նրա շունը՝ 5 տարեկան լաբրադոր Լեոն, զգալով, որ նա չի շնչում, արթնացրել է նրա ընկերոջը, որը միանգամից շտապ օգնություն է զանգահարել եւ սկսել սրտաթոքային վերակենդանացումը: Իր շան շնորհիվ աղջիկը ողջ է մնացել:

Ժամանած բժիշկները անհավանական լուր են հայտնել: Աղջիկը մահացած է եղել 30 րոպեի ընթացքում: Նրա սիրտը այս ողջ ընթացքում չի աշխատել, սակայն նրա ընկերոջ՝ Էնդրյուի ձեռնարկած միջոցները փրկել են նրան:

«Իմ կյանքի համար ես պարտական եմ շանը եւ ընկերոջս: Եթե Լեոն չարթնացներ Էնդրյուին, ես այժմ այստեղ չէի լինի», - ասում է Ջոանան:

Պարզվել է, որ Ջոանան տառապում է Վոլֆ-Պարկինսոն-Ուայտի սինդրոմով (WPW), որի պատճառով նրա մոտ կարող է հանկարծակի առիթմիա զարգանալ, վերջինիս պատճառով էլ կանգ է առնում սիրտը:

«Ես հիշում եմ միայն, որ պառկել եմ քնելու: Այնուհետեւ արթնացել եմ կլինիկայում, եւ ինձ ասել են, որ սրտի նոպա եմ ունեցել: Բժիշկներն ասում են, որ մահացած եմ եղել 30 րոպե: Հենց այդքան ժամանակ է պահանջվել Էնդրյուին իմ սիրտը «աշխատացնելու» համար», - պատմում է Ջոանան: «Էնդրյուն պատմել է, որ արթնացել է, որովհետեւ Լեոն անընդհատ հաչում էր ու ցատկոտում իմ շուրջը: Նա հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ եւ 999 զանգահարել, օպերատորը այդ ողջ ընթացքում կապի մեջ է եղել նրա հետ, մինչեւ նա արհեստական շնչառություն էր անում»:

Բժիշկները նշում են, որ հիվանդները հազվադեպ են վերականգնվում սրտի երկարատեւ կանգից հետո, քանի որ դա հանգեցնում է գլխուղեղի վնասվածքների եւ մի շարք նյարդաբանական խնդիրների: Ջոանան, սակայն, ապաքինվել է եւ իրեն լավ է զգում: