Այս տարվա հունվարից Հայաստանում գործում է նոր պետական ծրագիր, որի շրջանակներում միոկարդի սուր կաթվածի դեպքում ստենտավորումն իրակացվում է անվճար՝ պետբյուջեի հաշվին:

Երկարատեւ կլինի՞ արդյոք այս ծրագիրը: Պատասխանելով շատերին հուզող այս հարցին՝ ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը նշել է, որ ծրագիրը դեռ նոր է մեկնարկել, եւ առայժմ վաղ է խոսել այդ մասին,  սակայն Ծատուրյանը հույս է հայտնում, որ ծրագիրը երկարատեւ կլինի: Այլ կերպ ասած՝ մինչեւ տարվա վերջ ծրագիրը հաստատ կգործի, սակայն հույս կա, որ այն կշարունակվի նաեւ ապագայում:

Այս ծրագրի իրականացման համար 2015 թվականի բյուջեից 500 միլիոն դրամ է հատկացվել: Այս գումարը, Սարո Ծատուրյանի խոսքով, ամենայն հավանականությամբ, կվերանայվի տարվա ընթացքում, քանի որ հնարավոր չէ նախորոք որոշել, տարեկան քանի վիրահատություն է արվելու: Բացի այդ՝ պետք է հաշվի առնել նաեւ այն, որ տարվա եղանակներին հիվանդացության մակարդակը նույնը չէ: Ամռանը,  մասնագետների կարծիքով, կաթվածների դեպքերն ավելի քիչ են, քան տարվա ցուրտ եղանակին:

Ծաղիկ Վարդանյանն իր հերթին նշել է, որ այս երկու ամիսների ընթացքում ոչ մի տհաճ անակնկալ կամ խնդիրներ այս ծրագրի իրականացման հետ կապված չեն ծագել: Ծրագրին յուրաքանչյուր մասնակից, նրա խոսքով, գտնվում է մասնագետների ուշադրության կենտրոնում: Մարտի վերջին՝ ծրագրի վերջնական քննարկման ժամանակ, հավանաբար, որոշակի շտկումներ կմտցվեն՝ հաշվի առնելով ձեռք բերած փորձը:

Հիշեցնենք՝ 2015 թվականի հուվարին եւ փետրվարին 270 մարդ է մասնակցել այս ծրագրին, որոնցից 255-ին անվճար ստենտավորում է իրականացվել:

Հիշեցնենք նաեւ, որ անվճար ստենտավորումն արվում է միայն միոկարդի սուր կաթվածի դեպքում, երբ միայն վիրահատությունը կարող է փրկել մարդու կյանքը: Իսկ քրոնիկ հիվանդները, որոնք ստենտավորման կարիք ունեն, չեն կարողանա մասնակցել այս ծրագրին: