Անորակ ծառայությունները եւ կլինիկաների հետ կապված այլ խնդիրները, ցավոք, այսօր հազվադեպ երեւույթ չեն: Ինչպե՞ս կարող է հիվանդը ապահովագրել իրեն այսօրինակ խնդիրներից: Այս մասին լրագրողներին պատմել են Փաստաբանների պալատի իրավաբաններ Մուրադ Ասրյանն ու Գեւորգ Մկրտչյանը:

Գեւորգ Մկտչյանը կարծում է, որ հիվանդները պետք է շատ զգույշ լինեն կլինիկաներ դիմելիս: Իրավահարաբերությունները ցանկալի է կարգավորել պայմանագրերի միջոցով, որոնք էլ ստորագրվելուց առաջ պետք է ուշադիր ընթերցվեն:

Հիվանդը պետք է հստակ իմանա, ինչ ծառայություններ են նրան մատուցվելու, ինչքան նա պետք է վճարի, ինչ կլինի, եթե նա դժգոհ մնա մատուցած ծառայություններից եւ որ դեպքում կվերադարձվեն ծախսած գումարները:  Պայմանագիրը թույլ կտա խուսափել մի շարք խնդիրներից եւ երկու կողմերին էլ կապահովի փաստաթղթերով, որոնք էլ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ներկայացնել դատարանում:

Շատ կարեւոր է նաեւ ուշադրություն դարձնել կլինիկայի լիցենզիային: Լիցենզիայի առկայությունը միայն բավական չէ, ուշադրություն դարձրեք, թե ծառայության որ տեսակները կարող է մատուցել կլինիկան: Իրավաբանների խոսքով՝ կան մի շարք կլինիկաներ, որոնց միակ նպատակը հնարավորինս շատ փող աշխատելն է: Երբեմն նման կլինիկաներում սկսում են իրականացնել այնպիսի գործունեություն, որը նախատեսված չէ օրենքով, օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերով:

Այդպիսի բուժումը, իհարկե, կարող է վտանգավոր չլինել, սակայն խնդիրն այն է, որ այն, փոխարենը,  կարող է հիվանդից մեծ դրամական միջոցներ  եւ թանկարժեք ժամանակ խլել, որոնք էլ կարելի էր օգտագործել արդյունավետ բուժում ստանալու նպատակով:

Իրավաբանը հիշեցնում է, որ մի շարք դեպքերում բժշկական օգնություն կարելի է ցույց տալ միայն որոշակի ժամանակի ընթացքում: Օրինակ՝ վնասվածքից հետո լսողությունը կարելի է վերականգնել միայն երկու ամսվա ընթացքում: Եթե հիվանդը կասկածելի կլինիկա դիմի, որը անհրաժեշտ լիցենզիա եւ լավ մասնագետներ չունի, նա կկորցնի այն ժամանակը, որի ընթացքում կարող է վերականգնվել լսողությունը: Իսկ երկրորդ հնարավորություն կարող է եւ չունենալ:

Ի հայտ եկած խնդիրները կարելի է, իհարկե, փորձել լուծել դատարանում, սակայն այստեղ էլ օրենսդրական բացերի պատճառով ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Բժշկին պատասխանատվության կանչելու համար անհրաժեշտ է, որ նրա գործողությունների կամ անգործության հետեւանքով հիվանդի առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս հասցվի: Իսկ եթե վնասը ծանր չէ կամ բուժման ընթացքում ոչ վնաս, ոչ էլ դրական արդյունքներ են արձանագրվել, բժշկին կամ կլինիկային պատասխանատվության կանչելը չափազանց բարդ կլինի: