Այսօր՝ մարտի 13-ին, նշվում է Քնի միջազգային օրը (World Sleep Day), որը հիմնադրվել է Քնի Միջազգային կոմիտեի կողմից (World Sleep Day Committee) Քնի բժշկության միջազգային ասոցիացիայում (World Association of Sleep Medicine (WASM)):
Առաջին անգամ այս օրը նշվել է 2008 թվականի մարտի 14-ին, այդ օրվանից նշվում է ամեն տարի՝ մարտի երկրորդ ամբողջական շաբաթվա ուրբաթ օրը:
Օրվա հիմնական նպատակը առողջ եւ ճիշտ քնի, ինչպես նաեւ քնի խնդիրների եւ դրանց կրթական, բժշկական եւ սոցիալական բաղադրիչների վրա հասարակության ուշադրությունը հրավիրելն է: Օրվա հիմնադիրները համոզված են, որ անհրաժեշտ գիտելիքների առկայությունը կարող է կանխարգելել քնի խանգարումները եւ վերահսկել դրանք:
Համարվում է, որ մարդիկ իրենց կյանքի մեկ երրորդ մասը քնած են անցկացնում: Ճիշտ եւ առողջ քունը վերականգնում է ցերեկային ակտիվության վրա ծախսած ուժերը, իսկ քնի պակասը բացասաբար է անդրադառնում կյանքի որակի եւ մարդու առողջության վրա՝ նրան ավելի նյարդային, ներփակ ու ոչ ադեկվատ դարձնելով:
Ինչպես վերջերս պարզել են Չիկագոյի համալսարանի գիտնականները, ընդամենը երեք անքուն գիշեր կարող են հանգեցնել երկրորդ տիպի դիաբետի եւ ճարպակալման զարգացմանը: Երեխաների համար անքնությունը եւս խիստ վտանգավոր է, քանի որ կարող է դեպրեսիա եւ մի շարք այլ խնդիրներ հարուցել: Հատկանշական է, որ ավելորդ քունը եւս վնասակար է: Ինչպես պարզել են Քեմբրիջի գիտնականները, օրական ութ ժամից ավել քնելը կարող է ինսուլտի հանգեցնել:






