ՈւՁՀ-ն հղիության 20-րդ շաբաթում ցույց տվեց, որ դեռ լույս աշխարհ չեկած Այդենի՝ Ջեննի Ռոջերսի որդու սրտի ձախ մասը սխալ է զարգանում: Հենց այդ ժամանակ են բժիշկները նրա մոտ հազվադեպ հիվանդություն ախտորոշել, որը հանդիպում է 6000 երեխաներից մեկի մոտ միայն՝ սրտի ձախ մասի հիպոպլազիայի սինդրում (HLHS):

Այս հիվանդության պատճառով սաղմի մոտ չի զարգանում սրտի ձախ  փորոքը, միտրալ փականն ու փականային աորտաները, ինչի արդյունքում սրտի ձախ մասը դադարում է զարգանալ: Սովորաբար սրտի ձախ մասը մարմինն ապահովում է թթվածնով հագեցած արյամբ, սակայն այս հիվանդությամբ տառապող հիվանդի սրտի այս ֆունկցիան խանգարված է, ձախ մասի թերզարգացման հետեւանքով աջ մասը գերծանրաբեռնված է դառնում:

Այս հիվանդությամբ տառապողների մեծ մասը չի ապրում ծնվելուց հետո, այդ պատճառով ապագա մայրիկի համար ուժեղ հարված էր այս ախտորոշման մասին իմանալը: Նա ստիպված եղավ տեղափոխվել Texas Children’s Fetal Center կլինիկային ավելի մոտ, որտեղ նրան մի շարք բարդ պրոցեդուրաներ էին սպասում:

Բժիշկ Նենսի Այրեսը՝ նշյալ կլինիկայի սաղմի սրտաբանության ծրագրի տնօրենը, բացատրեց, որ մայրիկի որովայնում այս արատով երեխաները բավականին նորմալ են ապրում, քանի որ լույս աշխարհ գալուց առաջ սրտի աջ մասը աշխատում է ավելի շատ, քան ձախը: Սակայն երբ նրանք ծնվում են եւ կտրվում է պորտալարը, սկսվում են խնդիրները, քանի որ երեխային թթվածնով այլեւս ապահովում է ոչ թե մայրիկի շնչառությունը, այլ նրա սեփական թոքերը: Սրտի ձախ մասի թերզարգացածության պատճառով արյունը թթվածնով չի հագենում, իսկ թթվածնի պակասը կարող է հանգեցնել ուղեղի եւ այլ օրգանների հետ կապված բարդություններին: Այդ պատճառով այսպիսի երեխայի՝ ողջ մնալու լավագույն հնարավորությունը մեծ կլինիկայում ծնվելն է, որտեղ նրան կկարողանան օգնել:

Այսպես, Այդենը ծնվեց մայիսի 19-ին, եւ չորս օր անց նրան առաջին վիրահատությունն արեցին, որի ընթացքում բժիշկները վերստեղծել են նրա աորտան,  բացելով նաեւ միջնախասրտային միջնապատը, որպեսզի թթվածնով հագեցած արյունը հասնի օրգանիզմ: Բժիշկները նաեւ շունտ են տեղադրել երեխայի թոքային զարկերակի վրա: Այս ընթացքում աշխատում էր եւ մարմինը հագեցնում արյամբ հիմնականում փոքրիկի ձախ փորոքը:

Այդենին դուրս էին գրել, երբ նա վեց շաբաթական էր: Այս հիվանդությամբ ոչ բոլոր երեխաներն են այդքան ապրում: Սակայն նաեւ տանը հաջորդ վիրահատությանը սպասելիս ծնողները  հետեւում էին երեխայի առողջական վիճակին, ամեն օր կշռում նրան, ֆիքսում էին զարկերակը:

Երկրորդ վիրահատությունը արեցին սեպտեմբերի 15-ին, իսկ հոկտեմբերի 3-ին նրան դուրս գրեցին: Այս վիրահատության կարիքն առաջացավ այն պատճառով, որ այն շունտը, որը տեղադրել էին առաջին վիրահատության ժամանակ, արդեն փոքր էր երեխայի համար: Երրորդ վիրահատությունը կարվի այն ժամանակ, երբ Այդենը երկու կամ երեք տարեկան կլինի: Բժիշկները կփորձեն այնպես անել, որ երեխայի աջ փորոքը կարողանա օրգանիզմին արյուն մատակարարել: Իսկ մինչ այդ բժիշկները կհետեւեն երեխայի առողջությանը: Ինչ է սպասում փոքրիկին ապագայում, դժվար է ասել: Այս արատով որոշ հիվանդներ սրտի տրանսպլանտացիայի կարիք ունեն:

Փոքրիկի մայրը խորհուրդ է տալիս սրտի արատներով երեխաների ծնողներին չհանձնվել եւ պայքարել նրանց առողջության  համար: