Որոշ մարդիկ պնդում են, որ սիրում են մենակ լինել, սակայն Բրիգամ Յանգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ սոցիալական մեկուսացումը վնասակար է առողջության համար եւ կարող է կրճատել կյանքի տեւողությունը:
Մասնագետների խոսքով՝ մենության ազդեցությունը կյանքի տեւողության վրա կարելի է համեմատել ճարպակալման հետ, եւ առողջապահական համակարգը պետք է համապատասխան վերաբերմունք դրսեւորի այս խնդրի նկատմամբ:
Մենությունն ու սոցիալական մեկուսացումը կարող են, գիտնականների խոսքով, տարբեր ձեւերով դրսեւորվել: Օրինակ, այս կամ այն անձը կարող է շրջապատված լինել մարդկանցով, բայց, միեւնույն է, իրեն միայնակ զգալ: Մեկ այլ մարդ կարող է պարզապես ինքն իրեն մեկուսացնել, քանի որ այդպես ավելի հարմարավետ է: Երկու դեպքում էլ մենության ազդեցությունը կյանքի տեւողության վրա բացասական է, նշում են մասնագետները: Ընդ որում՝ կապը մենության եւ մահվան միջեւ ավելի ակներեւ է երիտասարդ մարդկանց շրջանում՝ տարեց եւ միջին տարիքի մարդկանց համեմատ: Չնայած նրան, որ տարեց մարդիկ հանգամանքների բերումուվ ավելի հաճախ են մենակ մնում, մենության ու սոցիալական մեկուսացման ազդեցությունը կյանքի տեւողության վրա առավել բնորոշ է մինչեւ 65 տարեկան մարդկանց:
Մասնագետի խոսքով՝ մենությունը կարող է իսկական համաճարակի վերածվել ապագայում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հետազոտությունները ցույց էին տվել, որ մենությունը նույնքան վտանգավոր է, որքան օրական 15 ծխախոտ ծխելն ու ալկոհոլիզմը: Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ մենությունը ոչ միայն բարձրացնում է մահվան հավանականությունը, այլ նաեւ այս տեսանկյունից գերազանցում է ճարպակալումը:






