Վերջերս հայերը ավելի շատ են սկսել դիմել մասնագետներին՝ սեռական կյանքում խնդիրներ ունենալով, սակայն, միեւնույն է, շատերը մինչեւ հիմա ամաչում են խոսել այդ թեմայով բժշկի հետ եւ փորձում են հարմարվել եղած խնդիրներին կամ էլ ինքնուրույն հաղթահարել դրանք:

Կարելի է արդյո՞ք ինքնուրույն լուծել սեռական խնդիրները: Ինչքանո՞վ է դա արդյունավետ

Սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը կարծում է, որ ինքնուրույն լուծել այդ խնդիրները չի հաջողվի: Բանն այն է, որ, մասնագետի խոսքով, մարդը չի կարող հասկանալ իր խնդիրների իրական պատճառները: Սեռական կյանքի շատ խանգարումներ պայմանավորված են սոմատիկ  խնդիրներով, հաղթահարել որոնք առանց մասնագետի օգնության անհնար է:

Նույնիսկ եթե խնդիրը հոգեբանական է, այն պետք է օգնի հաղթահարել բժիշկը, քանի որ նույնիսկ շատ գիտակից մարդու համար դժվար կլինի առանց մասնագետի օգնության վերլուծել եղած հոգեբանական խնդիրները: Մարդիկ շատ սուբյեկտիվ են վերաբերվում իրենց խնդիրներին, այդ պատճառով էլ ունակ չեն օբյեկտիվ գնահատել իրավիճակը:

Ավելին՝ երբեմն մարդը չի կարող ինքնուրույն հաղթահարել իր խնդիրները, նույնիսկ եթե նա բժիշկ է: Սեւադա Հակոբյանը նշեց, որ ցանկացած հոգեբան, որպես կանոն, իր հոգեբանն ունի, որը օգնում է նրան հաղթահարել եղած խնդիրները՝ այնպես, ինչպես տվյալ հոգեբանն է օգնում ուրիշներին: