Ֆրանսիայում կարող է օրենք ընդունվել, որը կարգելի չափազանց նիհար մոդելներին պոդիում բարձրանալ: Ըստ օրենքի՝ մոդելային գործակալությունները կարող են տուգանվել սույն պահանջի խախտման դեպքում, իսկ նրանց գործակալները կարող են նույնիսկ ազատազրկվել: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարարը:

«Շատ կարեւոր է, որ մոդելները ճիշտ օրինակ լինեն երիտասարդ կանանց համար, որոնք ցանկանում են նմանվել նրանց: Պետք է նաեւ, որ նրանք հորդորեն իրենց երկրպագուներին ճիշտ սնվել, ուշադիր լինել առողջության նկատմամբ», - նշել է Մարիսոլ Թուրենը:

Մարտի 17-ին Ֆրանսիայի խորհրդարանում առողջապահությանը վերաբերող երկու ծավալուն օրինագիծ է քննարկվել, որոնք էլ նախատեսում են մոդելների քաշին առնչվող սահմանափակումները: Նոր օրենքի համաձայն՝ աշխատանքի անցնելուց առաջ մոդելները ստիպված կլինեն բժշկական սերտիֆիկատ ներկայացնել առ այն, որ իրենց մարմնի քաշի ինդեքսը (BMI) 18-ից ցածր չէ (դա նշանակում է, որ 1.75 սմ հասակի դեպքում աղջիկը պետք է կշռի 55 կգ-ից ոչ պակաս): Այս պահանջը խախտած գովազդային գործակալությունները եւ նորաձեւության կենտրոնները տուգանվելու են մինչեւ 75 000 եվրո: Գործը կարող է նույնիսկ վեց ամիս տեւողությամբ ազատազրկման հասնել:

Ֆրանսիայի իշխանությունները հույս են հայտնել, որ այս փոփոխությունները կկարողանան օգնել հաղթահարել անորեքսիան, որը փոփոխության հեղինակներից մեկի՝ Օլիվյե Վերանի խոսքով՝ Ֆրանսիայում ախտահարել է 30-40 հազար մարդկանց:

Հիշեցնենք, որ նմանատիպ օրենքներ 2013 թվականի սկզբին ընդունվել են Իտալիայում, Իսպանիայում եւ Իսրայելում: