Անառողջ սննդակարգը կարող է վնաս հասցնել ոչ միայն չափահաս մարդու, այլ նաեւ 12 տարեկան երեխայի սիրտ-անոթային համակարգին, նշում են ամերիկյան գիտնականները:
Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ 2-11 տարեկան երեխաների մեծամասնությունը սխալ է սնվում, իսկ ամեն երրորդ երեխան ավելորդ քաշ կամ նույնիսկ ճարպակալում ունի: Այս ամենը, բնականաբար, անդրադառնում է երեխաների սրտի առողջության վրա: Հետազոտությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 8961 երեխա, բայց նրանցից եւ ոչ մեկի մոտ առողջ սրտի բոլոր չորս չափանիշներն առկա չէին: Այդ չորս չափանիշներն են առողջ սննդակարգը, նորմալ քաշը, խոլեստերինի ընդունելի մակարդակը եւ նորմալ զարկերակային ճնշումը:
Հետազոտության հեղինակ Դոնալդ Լլոյդ-Ջոնսը Չիկագոյի Հյուսիս-արեւմտյան համալսարանից նշել է, որ երեխաներից շատերը ի սկզբանե շատ առողջ սիրտ եւ զարկերակային ճնշում ունեն: Բայց հետագայում նրանք սկսում են սխալ սնվել, ինչի հետեւանքով ավելորդ քաշ են հավաքում: Սխալ սնվելու արդյունքում խոլեստերինի մակարդակը արյան մեջ նույնպես սկսում է աճել: Ժամանակի ընթացքում դա այս կամ այն կերպ կանդրադառնա սրտի վրա:
Իսկ ո՞րն է առողջ սնունդը: Գիտնականների խոսքով՝ առաջին հերթին, դա սննդակարգում ձկնեղենի, մրգերի պարտադիր առկայությունն է, ինչպես նաեւ աղի ու քաղցր ըմպելիքների՝ նվազագույնին հասցված օգտագործումն է:
Հետազոտությանը մասնակցած երեխաների 10 տոկոսն էր միայն անհրաժեշտ քանակությամբ ձկնեղեն ու մրգեր օգտագործում, իսկ 90 տոկոսը չարաշահում էր աղի եւ գազավորված ըմպելիքիների օգտագործումը:
Հետազոտության հեղինակի խոսքով՝ պետք է սովորեցնել երեխաներին ճիշտ սնվել, քանի որ դա նրանց ավելի առողջ կդարձնի՝ հնարավորություն տալով ավելի երկարակյաց լինել:






