Հայաստանում հազվադեպ հիվանդություններով տառապող երեխա ունեցող ընտանիքների ասոցիացիա կստեղծվի: Այս մասին է լրագրողներին պատմել Գենետիկական բժշկության կենտրոնի բժիշկ-գենետիկաբան Գոհար Շահսուվարյանը:

Նրա խոսքով՝ այսպիսի ասոցիացիա ստեղծելու գաղափարը ձևավորվել է հազվադեպ հիվանդություններին նվիրված գիտական կոնֆերանսի ժամանակ: Այժմ արդեն ակտիվ աշխատանքներ են տարվում, և արդեն իսկ կան մայրիկներ, որոնք կապ են հաստատել Առողջապահության նախարարության, տեղական մասնագետների և արտերկրյա ասոցիացիաների հետ: Ընդ որում՝ Գոհար Շահսուվարյանի խոսքով՝ շատ մասնագետներ պատրաստ են ամեն կերպ օգնել ապագա ասոցիացիայի ներկայացուցիչներին՝ անհրաժեշտ տեղեկատվություն և բուժում տրամադրելով:

Ինչպես նշեց Գոհար Շահսուվարյանը, այս ասոցիացիաները շատ կարևոր են երկրի համար: Դրանք կարող են օգնել մարդկանց միավորվել ընդհանուր խնդիրների շուրջ:  Իսկ ինչքան տեղեկացված լինեն մարդիկ, այդքան գրագետ կդառնան նրանք և այդքան ավելի շատ կշփվեն նույն խնդիրն ունեցող այլ մարդկանց հետ, այդքան հեշտ կգտնվեն խնդիրների հաղթահարման ճանապարհները:

«Եթե մարդն իր խնդրի հետ միայնակ չէ, նա ավելի հեշտ կհաղթահարի այդ խնդիրը: Իսկ երբ մարդը քննարկում է իր խնդիրները մասնագետների հետ, լուծումները ավելի հեշտ են գտնվում», - նշում է Գոհար Շահսուվարյանը:

Ոչ բոլոր ծնողները գիտեն, ուր պետք է դիմել և ինչ անել, եթե երեխան տառապում է, օրինակ, Դաունի սինդրոմով: Ասոցիացիան կօգնի այդպիսի ծնողներին կողմնորոշվել, հասկանալ, ինչ հեռանկարներ ունի երեխան և ինչպես է պետք վարվել: