Արեւի խավարումը, ինչպես նշում են մասնագետներից շատերը, գրեթե միշտ անդրադառնում է մեր առողջության վրա: Իսկ քանի որ այսօր՝ մարտի 20-ին, արեւի մասնակի խավարում էր տեղի ունեցել, NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում այս երեւույթի ազդեցությունը Ձեր առողջության վրա:

Սիրտ-անոթային համակարգ

Արեւի խավարումը շատ հաճախ բացասաբար կարող է անդրադառնալ մարդու սիրտ-անոթային համակարգի վրա: Բարձրանում է զարկերակային ճնշումը, նեղանում են անոթները: Հատկանշական է, որ զարկերակային ճնշման հետ կապված խնդիրները կարող են ի հայտ գալ ոչ միայն հիպերտոնիկների, այլ նաեւ այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում նման խնդիրներ չեն ունեցել:

Ինչ անել. եթե  նման խնդիր ունեք, փորձեք կոնտրաստային ցնցուղ ընդունել, եթե, իհարկե, հակացուցումներ չունեք: Այսպիսի ցնցուղը, մասնագետների խոսքով, կբարելավի արյունատար համակարգի աշխատանքը:

Նյարդային համակարգ

Նյարդային համակարգը եւս կարող է որոշակի վնաս կրել խավարման պատճառով, քանի որ լուսնի եւ արեգակի՝ մի գծի վրա գտնվելը օրգանիզմի համար մեծ սթրես է ենթադրում: Սա մարդուն ավելի նյարդային է դարձնում:

Ինչ անել. փորձեք չլարվել եւ ոչ մի նոր գործ մի ձեռնարկեք: Փորձեք նաեւ հնարավորինս խուսափել սթրեսից եւ ադրենալինի արտանետմանը նպաստող իրավիճակներից:

Աչքեր

Ակնաբույժները խորհուրդ չեն տալիս նայել արեւի խավարմանը անպաշտպան աչքերով կամ նույնիսկ արեւային ակնոցների մի զույգով, քանի որ դա կարող է վնասել ցանցաթաղանթի բջիջները, վնասել բյուրեղիկը եւ նույնիսկ կատարախտ առաջացնել:

Ինչ անել. Եթե ուզում եք տեսնել խավարումը, պետք է բավականաչափ պաշտպանեք Ձեր աչքերը: Դրա համար կարելի է օգտագործել զոդման դեպքում օգտագործվող ակնոցները, եթե դրանք կարող են ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը, կամ էլ նայեք արեւի խավարմանը ծխեցված ապակու միջոցով: