Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում գրիպով եւ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը 1.5 անգամ, եւ հանրապետությունում վերը նշված հիվանդությունների բռնկում է գրանցվել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Մասնավորապես, մարտի 1-8-ը ընկած ժամանակամիջոցում Հայաստանում գրանցվել է գրիպի եւ ՍՇ վարակների մոտ 6000 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն շաբաթվա ընթացքում ընդամենը մոտ 5000 դեպք էր արձանագրվել:
Քանի որ դեպքերի մոտ 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաների մոտ են գրանցվել, բռնկման՝ համաճարակի վերածվելու վտանգը կանխելու նպատակով դպրոցական գարնանային արձակուրդները եւս մեկ շաբաթով երկարաձգել են, նշեց Լիանա Թորոսյանը: Այդ մեկ շաբաթը, մասնագետի կարծիքով, կօգնի կանխել հիվանդությունների տարածումը, եւ այդ ընթացքում եղանակային պայմանները կբարելավվեն, ինչը նույնպես կնպաստի հիվանդացության նվազմանը:
Այս պահին, Լիանա Թորոսյանի փոխանցմամբ, երկրի հիվանդանոցներում ՍՇ վարակներով 570 մարդ է բուժվում, եւ նրանց մեծ մասը մինչեւ 18 տարեկան երեխաներ են: Հիվանդներից 160-ի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել (նրանցից 120-ը մանկահասակ երեխաներ են)՝ որպես կանոն, գրիպի եի ՍՇ վարակների բարդությունների եւ հիվանդանոց ուշ դիմելու պատճառով:
Մահացության դեպքեր գրիպի բարդություններից չեն արձանագրվել, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ այս պահին նույնպես չկան:






