Եթե Դաունի համախտանիշով մարդը չունի կյանքի հետ անհամատեղելի որոշ պաթոլոգիաներ (օրինակ, սրտի բնածին արատը), նրա կյանքի միջին տեւողությունը կարող է 50-60 տարի կազմել: Ընդ որում՝ այսպիսի մարդը ճիշտ խնամքի դեպքում կարող է սովորել, մասնագիտություն ձեռք բերել, իսկ ինտելեկտով գրեթե չի տարբերվում քրոմոսոմենրի նորմալ կազմով ծնված մարդուց: Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում ասել է բժշկական գենետիկայի կենտրոնի բժիշկ-գենետիկաբան Գոհար Շահսուվարյանը:
Նրա խոսքով՝ Դաունի համախտանիշով մարդու IQ-ն (ինտելեկտի գործակից) սովորաբար կազմում 20-75, այնինչ «նորմալ» մարդու IQ-ն՝ 70 եւ ավելի: Այսինքն, եթե ճիշտ խնամել Դաունի համախտանիշով տառապող երեխային եւ ճիշտ սովորեցնել նրան, նա կսովորի խոսել, երգել, կարդալ, գրել, անել այն ամենը, ինչ անում են մնացած մարդիկ: Որոշ հարցերում այս երեխաների հետ, իհարկե, ավելի դժվար կլինի: Օրինակ, իրենց զարգացման յուրահատկություններով պայմանավորված՝ այս երեխաները սովորաբար ավելի դժվար են խոսում եւ երգում: Բացի այդ՝ նրանց ձայներն ավելի բամբ են, այդ պատճառով նրանք երկու անգամ ավելի շատ ջանքեր են ներդնում ձայնալարերն ակտիվացնելու եւ որեւէ բան ասելու համար:
Սակայն, չնայած այս ամենի, աշխարհում կան Դաունի համախտանիշով բազմաթիվ հանրահայտ մարդիկ: ԱՄՆ-ում, օրինակ, այս հիվանդությամբ դասախոսներ կան: Կարելի է հիշատակել նաեւ ամերիկացի դերասան Քրիս Բուրկին, որը նույնպես ծնվել է Դաունի համախտանիշով:
Հիշեցնենք՝ այսօր ՝ մարտի 21-ին, Դաունի համախտանիշով մարդու միջազգային օրն է:






