Այսօր՝ մարտի 21-ին, նշվում է Դաունի համախտանիշով մարդկանց Միջազգային օրը: Ինչպես նշեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում Գենետիկական բժշկության կենտրոնի տնօրեն Գոհար Շահսուվարյանը, այս օրը պատահաբար չի ընտրվել: Դաունի սինդրոմը կապված է 21-րդ քրոմոսոմի 3 օրինակի հետ, այդ պատճառով մարտը որպես երրորդ ամիս խորհրդանշում է քրոմոսոմների 3 օրինակները, իսկ 21-ը քրոմոսոմի համարն է:

Դաունի համախտանիշը շատ տարածված պաթոլոգիա է. 700 երեխայից մեկը ծնվում է այդ սինդրոմով, սակայն ամեն երկրի վիճակագրական տվյալները կախված են նաև այն հանգամանքից, թե որ տարիքում են կանայք ծննդաբերում: Այն երկրներում, որտեղ ավելի շուտ են ծննդաբերում, Դաունի սինդրոմը ավելի քիչ է տարածված, քան այնտեղ, որտեղ մայրիկները, կարիերան գերակա համարելով, ուշ են ամուսնանում և առաջին երեխային լույս աշխարհ են բերում 30 տարեկանից հետո:

Մեր երկրում հիվանդության վիճակագրական տվյալները, ցավոք, չկան:  Հայտնի է միայն, որ անցած տարի Բժշկական գենետիկայի կենտրոնում հետազոտվել է Դաունի համախտանիշով 87 մարդ, Դաունի սինդրոմով 22 երեխա է ընդունվել մանկատուն:

Ո՞րն է Դաունի համախտանիշի զարգացման հիմնական պատճառը:  Այս հարցի ստույգ պատասխանը դեռևս ոչ ոք չգիտի: Հայտնի է միայն, որ, Գոհար Շահսուվարյանի խոսքով, 95 տոկոս դեպքերում գենոմային պաթոլոգիան ի հայտ է գալիս պատահաբար՝ պտղի ձևավորման ընթացքում, իսկ մնացած դեպքերում Դաունի սինդրոմը ժառանգական բնույթ ունի:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Դաունի համախտանիշով մարդկանց Միջազգային օրը նշվեց 2006 թվականին, իսկ այդ օրը հիմնելու որոշումն ընդունվել է Դաունի սինդրոմի Միջազգային (IDSA) և Եվրոպական (EDSA) ասոցիացիաների նախաձեռնությամբ Դաունի սինդրոմի՝ Պալմա դե Մայորկայում կայացած VI միջազգային սիմպոզիումի ընթացքում: