Միանգամյա օգտագործման բժշկական դիմակը կարող է նկատելիորեն նվազեցնել գրիպով եւ ՍՇ վարակներով հիվանդանալու հավանականությունը, ինչը առավել արդիական է այժմ՝ այս հիվանդությունների սրման փուլում:
Այն մասին, ինչպես ճիշտ կրել բժշկական դիմակը, մեզ կպատմի ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նախընտրելի է, որ դիմակը կրի ինքը հիվանդը, սակայն եթե որեւէ պատճառով դա հնարավոր չէ (օրինակ, եթե հիվանդը դժվարանում է շնչել դիմակով), ապա դիմակ պետք է կրեն հիվանդին շրջապատող մարդիկ:
• 4 ժամը մեկ պետք է փոխել դիմակը: Եթե դիմակը ավելի շուտ է խոնավացել, այն պետք է փոխել նոր դիմակով:
• Փոխել ու դեն նետել դիմակը եւս ճիշտ չէ: Եթե այն կրել է հիվանդը, դիմակը պետք է ծալել շնչառական օրգաններին հպման մասով դեպի ներս, քանի որ հենց այդ մասի վրա են կուտակվում վիրուսները: Եթե առողջ մարդն է դիմակը կրել, այն պետք է ծալել արտաքին կողմով դեպի ներս, քանի որ միկրոբները կուտակվում են դիմակի արտաքին մասի վրա:
• Արդեն իսկ օգտագործված դիմակը եւս մեկ անգամ օգտագործել ոչ մի դեպքում չի կարելի
• Դեմքին ամրացրած դիմակին ավելի լավ է ձեռք չտալ, քանի որ դրա մակերեսին կարող են վիրուսներ լինել: Եթե Դուք ինչ-ինչ պատճառներով դիպչել եք դիմակին, անպայման լվացեք ձեռքերը:
Այս բոլոր կանոնները բավականին պարզ են, եւ դրանց հետեւելու դեպքում կարելի է հնարավորինս ապահովագրվել գրիպից եւ ՍՇ վարակներից՝ նույնիսկ չնայած ընթացիկ սրացմանը:
Հիշեցնենք, որ մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս օդափոխել բնակարանը, մաքրել կահույքի մակերեսը խոնավ շորով եւ ճիշտ սնվել՝ իմունիտետը ամրապնդելու համար:






