Հղիության ընթացքում սպորտով զբաղվելը նվազեցնում է նորածնի մոտ սրտի արատի հավանականությունը, նշում են Վաշինգթոնի համալսարանի մասնագետները (ԱՄՆ):
Պրոֆեսոր Պատրիk Ջեյի գլխավորած մասնագիտական խումբը երիտասարդ եւ ծեր մկների վրա փորձարկումներ է իրականացրել, որոնց արդյունքում պարզվել է, որ սրտի բնածին արատը նորածնի մոտ կարող է կապված լինել մոր տարիքի, այլ ոչ թե ձվարանների հետ, սակայն ֆիզիկական վարժությունները կարող են զգալիորեն մեղմել այս վտանգը:
Մասնագետները ուսումնասիրել են նաեւ սրտի աշխատանքի խնդիրները պայմանավորող մուտացիաներ ունեցող մկներին: Հետազոտողները վերցրել են ծեր մկների ձվարանները եւ փոխպատվաստել դրանք երիտասարդներին: Այնուհետեւ փորձել են պարզել, կախված է արդյոք սրտի արատի զարգացման վտանգը մոր կամ ձվարանների տարիքից: Արդյունքները ցույց են տվել, որ ծեր ձվարաններով երիտասարդ մկների լույս աշխարհ բերած ձագերի մոտ սրտի արատի հավանականությունը ցածր էր, այս առումով նրանք չէին տարբերվում երիտասարդ ձվարաններով երիտասարդ մկներից: Իսկ ահա նույնիսկ երիտասարդ ձվարաններով ծեր մկների սերունդը առանձնանում էր սրտի արատի բարձր ցուցանիշով:
Այսպիսով, մոր տարիքը սրտի արատի ձեւավորման որոշիչ գործոններից է, պնդում են մասնագետները: Սակայն նույնիսկ տարեց մայրերի երեխաների մոտ այս արատի հավանականությունը կնվազի տաս կամ քսան տոկոսով, եթե մայրը հղիության ընթացքում զբաղվի սպորտով:
Գիտնականները հույս են հայտնում, որ այս հետազոտության արդյունքները, որոնք լույս են տեսել Nature ամսագրում, կարող են նպաստել սրտի բնածին արատը կանխարգելող նոր թերապիայի ստեղծմանը: Սա, իհարկե, այս ոլորտում առաջին հետազոտությունը չէ, սակայն նախորդ հետազոտությունները հիմնական ուշադրությունը դարձնում էին հղիության ընթացքում պտղի փոփոխություններին, իսկ ստացված արդյունքները որեւէ կերպ չէին նպաստում կանխարգելիչ մեթոդների մշակմանը: Այժմ գիտնականները պնդում են, որ 35 տարեկանից բարձր մայրիկները կարող են նվազեցնել իրենց երեխաների մոտ սրտի արատի հավանականությունը սպորտով զբաղվելու միջոցով:






