Հայաստանում ամուսնալուծությունների մեծ մասի պատճառը չլուծված սեռական խնդիրներն են, նշում է սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը:

«Տխուր է, իհարկե, գիտակցել, որ այսօր կան սեռական խնդիրներ, որոնք կարող են բաժանվելու պատճառ դառնալ: Մեր հարցումները ցույց են տալիս, որ շատ բաժանումների պատճառը իսկապես սեռական խնդիրներն են», - նշեց սեքսոպաթոլոգը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքով բաժանմանը նպաստող գործոններից են ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ սեռական խնդիրները: Երկար ժամանակ զույգերը չեն քննարկում այդ խնդիրները, չեն փորձում լուծել դրանք՝ ձեւացնելով, որ ոչինչ տեղի չի ունենում: Սակայն եթե անկողնում անհաջողություններիn գումարվում են սոցիալական խնդիրները, վիճակն ավելի է սրվում, սկսվում են կոնֆլիկտները, որոնք էլ հանգեցնում են բաժանությանը:

Իսկ որո՞նք են այդ խնդիրները:

Սեքսոպաթոլոգի խոսքով՝  կանանց շրջանում ամենատարածված խնդիրներից է լիբիդոյի ցածր մակարդակը, անօրգազմիան: Կինը կարող է չխոսել իր խնդիրների մասին, սակայն ժամանակի ընթացքում նա կորցնում է հետաքրքությունը սեքսի հանդեպ, ինչը բացասաբար է անդրադառնում նրա ամուսնական կյանքի վրա:

Մեկ այլ տարածված խնդիր են տարբեր նախասիրությունները եւ կարծրատիպերի առկայությունը, որոնք ձեւավորվել են ոչ գրագետ եւ ոչ մասնագիտական տեղեկությունների պատճառով: Հենց այս խնդիրն է շատ դեպքերում բաժանության պատճառ դառնում:

Հիշեցնենք, որ, մասնագետի խոսքով, այս խնդիրները հեշտ լուծելի են մասնագետի օգնությամբ՝ չնայած նրան, որ ինքնուրույն լուծել դրանք, հավանաբր, չի ստացվի: