Հայաստանում զատկի դասական ուտեստներից մեկն է չամիչով բրինձը: Այն ոչ միայն շատ համեղ է, այլ նաեւ, պարզվում է, օգտակար:
NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում չամիչով բրնձի օգտակար կողմերը:
Բրնձի օգտակար հատկությունները կախված են, իհարկե, դրա տեսակից: Շագանակագույն բրինձը շատ ավելի մեծ քանակությամբ օգտակար միկրոէլեմենտներ է պարունակում, քան սպիտակ բրինձը: Սակայն քանի որ վերոնշյալ ուտեստը պատրաստում են հիմնականում սպիտակ բրնձից, մենք կանդրադառնանք հենց վերջինիս օգտակար հատկություններին:
Բրինձը հարուստ է ածխաջրերով, որոնք ապահովում են հագեցածության զգացումը, եւ մկանային հյուսվածքների՝ էներգիայով երկարատեւ ապահովումը: Բրինձը նաեւ B խմբի վիտամինների լավ աղբյուր է՝ տիամինի (В1), ռիբոֆլավինի (В2), նիացինի (В3) վիտամին В6-ի: Բոլոր այս վիտամինները օգնում են ամրապնդել նյարդային համակարգը եւ մասնակցում են սնուցող նյութերի՝ էներգիայի փոխակերպման գործընթացներին:
Այն պարունակում է նաեւ այնպիսի սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին նոր բջիջներ ստանալու համար, ինչպես նաեւ կալիում, որը նեյտրալիզացնում է աղի վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա: Բրինձը պարունակում է նաեւ փոքր քանակությամբ ֆոսֆոր, ցինկ, երկաթ, կալցիում եւ յոդ, որոնք շատ կարեւոր են օրգանիզմի համար:
Չամիչը իր հերթին եւս շատ օգտակար է, քանի որ պարունակում է 70-80 տոկոս վիտամիններ եւ խաղողի միկրոէլեմենտներ (100 տոկոս): Դրանում պարունակվում են նաեւ կալիում, նատրիում, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, երկաթ, ինչպես նաեւ В1, В2, В5 վիտամիններ, որոնք բարելավում են նյարդային համակարգի աշխատանքը եւ քունը:
Այսպիսով, չամիչով բրինձը շատ օգտակար է եւ համեղ համակցություն է, եւ այդ ուտեստից չարժե հրաժարվել, նույնիսկ եթե Դուք ուզում եք նիհարել, քանի որ ճիշտ եփած բրինձը, հակառակ տարածված կարծիքի, չի նպաստում ավելորդ քաշ հավաքելուն: Հատկապես օգտակար է այդ ուտեստը հղիների համար, քանի որ այն ոչ միայն ապահովում է էներգիայով, այլ նաեւ հատուցում է կալցիումի եւ երկաթի պակասն օրգանիզմում:






