Դեմքի փոխպատվաստման բացառիկ վիրահատություն է իրականացվել Բարսելոնում՝ Vall d’Hebron հոսպիտալում: Այն տեւել է 27 ժամ: Վիրահատությանը 47 մասնագետ է մասնակցել՝ կոնսուլտանտներին չհաշված:
Ինչպես հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները, փոխպատվաստումն արվել է 45-ամյա մի տղամարդուն, ով 20 տարվա ընթացքում տառապել է արտերիովենոզ մալֆորմացիայով: Այս հիվանդության դեպքում արյունը զարկերակներից միանգամից հայտնվում է երակների մեջ, իսկ ահա օրգաններն ու տարբեր հյուսվածքները անհրաժեշտ նյութերով չեն սնուցվում եւ դեֆորմացվում են: Հիվանդության պատճառով տղամարդու դեմքն այնքան էր դեֆորմացվել, որ նրա մոտ տեսողական եւ խոսակցական խնդիրներ էին ի հայտ եկել:
Վիրահատության ընթացքում Ժոան Պեր Բարետայի գլխավորած վիրաբույժների խումբը ծնոտի, քթի մկանների, շրթունքների, ատամների, ինչպես նաեւ համային զգացողությունների համար պատասխանատու հյուսվածքների փոխպատվաստում են կատարել:
Վիրահատությունը, բժիշկների խոսքով, հաջող է անցել, իսկ հիվանդն իրեն լավ է զգում՚: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ գտնվում է տանը՝ պարբերաբար կլինիկա այցելելով: Բժիշկները ենթադրում են, որ շուտով նա կվերադառնա լիարժեք կյանքին:
Հատկանշական է, որ տղամարդը նաեւ մի շարք այլ ճանաչված կլինիկաներ է դիմել՝ ներառյալ Մայոն ու Հարվարդի բժշկական դպրոցը, սակայն այնտեղ նրան ոչնչով չէին կարողացել օգնել:






