Արյան մեջ գլյուկոզայի պարունակության մակարդակի հետազոտություն պետք է անցնել ամեն տարի, քանի որ դա հնարավորություն կտա ժամանակին ախտորոշել դիաբետը եւ վերահսկել այն, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշեց համաճարակաբան Ինեսսա Նազարյանը:
Նրա խոսքով՝ շաքարային դիաբետը շատ խորամանկ հիվանդություն է, որը կարող է երկար տարիներ ոչ մի կերպ չդրսեւորվել՝ քայքայելով օրգանիզմը ներսից: Երկրորդ տիպի դիաբետի առկայությունը կարելի է պարզել միայն անալիզների միջոցով, իսկ վաղ ախտորոշումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքարել դրա դեմ՝ մարդկանց լիարժեք կյանք պարգեւելով:
Նշենք, որ արյան մեջ գլյուկոզայի պարունակության անալիզն անում են գրեթե բոլոր մասնավոր լաբորատորիաներում, եւ այն թանկ չէ՝ 1000 – 2000 դրամ: Այս անալիզը արվում է նաեւ բոլոր պոլիկլինիակներում (ցուցումների առկայության դեպքում՝ անվճար), եւ արյան մեջ շաքարի պարունակությունը ստուգելու համար կարելի է դիմել գրանցման վայրի պոլիկլինիկա:
Հիշեցնենք, որ շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը զարգանում է ինսուլինի հորմոնի պակասի պատճառով, ինչի արդյունքում արյան մեջ գլյուկոզայի պարունակության մակարդակը սկսում է աճել: Դիաբետի դեպքում վտանգավոր է ոչ միայն գլյուկոզայի պարունակության բարձր ցուցանիշը, այլ նաեւ այն, որ դրա պատճառով խաթարվում է ածխաջրերի, ճարպերի, միներալների եւ աղի նյութափոխանակությունը: Դիաբետը համապատասխան բուժում չձեռնարկելու դեպքում կարող է շատ լուրջ բարդացումների հանգեցնել:






