Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել կանանց՝ առողջ լինելու եւ հնարավոր հիվանդությունները կանխարգելելու համար: Ահա թե ինչ խորհուրդներ են տալիս Հայ–ամերիկյան բժշկական կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը եւ հոգեբան Աննա Բադալյանը՝ կանանց տոնի առթիվ:

1. Առողջ ապրելակերպ

Առողջ ապրելակերպի շնորհիվ հնարավոր է մի շարք հիվանդություններ կանխարգելել, որոնց թվում են նույնիսկ քաղցկեղային հիվանդությունները: Մասնագետները խորուրդ են տալիս կանանց չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին, առողջ սնունդ օգտագործել եւ առողջության համար վնասակար սովորություններից հնարավորինս զերծ մնալ:

Օդի եւ շրջակա միջավայրի մաքրությունը, Խաչանուշ Հակոբյանի խոսքով, նույնպես շատ կարեւոր է մարդու առողջության համար, բայց դա, ի տարբերություն առողջ ապրելակերպի, մեզանից այնքան էլ կախված չէ:

2. Հոգեկան առողջություն

Հոգեկան առողջությունը, մասնագետների խոսքով, ոչ պակաս կարեւոր է, քան ֆիզիկական առողջությունը: Ինչպես հոգեբան Աննա Բադալյանն է նշել, սթրեսներից խուսափել հնարավոր չէ՝ միայն մահացած մարդը սթրեսներ չի ապրում, եւ հաճախ նույնիսկ լավ, դրական դեպքերը կարող են սթրեսների պատճառ լինել: Կարեւոր է սովորել ճիշտ եւ ադեկվատ վերաբերվել սթրեսներին եւ կյանքի դժվարություններին, որպեսզի դրանք վնաս չպատճառեն կնոջ հոգեկան եւ ֆիզիկական առողջությանը:

3. Տարին մեկ անգամ բժիշկի դիմել

Խաչանուշ Հակոբյանը կանանց խորհուրդ է տալիս տարին մեկ անգամ կանխարգելիչ այց կատարել բժիշկի մոտ, քանի որ դա կարող է օգնել վաղ հայտնաբերել մի շարք հիվանդություններ եւ կանխարգելել դրանց հետագա զարգացումը եւ բարդությունների առաջացումը: Կանխարգելիչ մամմոգրաֆիայի շնորհիվ, օրինակ, հնարավոր է շատ վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը, երբ այն դեռ ընդամենը 2-3 մմ է, եւ բուժել կամ հեռացնել այն, թույլ չտալով, որպեսզի այն կնոջը վնաս պատճառի: