Ագրեսիվ եւ դաժան դեռահասներին դարձնում են ոչ թե բուն վիդեոխաղերը, այլ խաղալու ընթացքում համակարգչի առջեւ անցկացրած ժամանակը, նշում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները։

Հետազոտությունների շրջանակում ուսումնասիրվել է 217 դեռահաս, գիտնականների հիմնական ուշադրությունն ուղղված է եղել նրանց բնավորությանը եւ նախընտրած խաղերին։ Պարզվել է, որ համակարգչային խաղերի սիրահար աղջիկների 3 եւ տղաների 16 տոկոսը համակարգչի առջեւ օրական անցկացնում են երեք եւ ավելի ժամ։ Երեխաներից շատերը վարքի հետ խնդիրներ ունեին։ Մասնավորապես՝ հիպերակտիվություն եւ առաջադիմության վատթարացում։

Չնայած այս ամենին՝ փորձարարական հոգեբան Էնդրյու Պրզիբիլսկին վերոնշյալ համալսարանից պնդում է, որ  խաղերի ազդեցությունը դեռահասների հոգեբանության վրա մինիմալ է։

Հատկանշական է, որ, եթե դեռահասները խաղում էին օրական մեկ ժամ, նրանց վարքում դրական փոփոխություններ էին արձանագրվում։

 «Այն երեխաների համեմատ, ովքեր առհասարակ չէին խաղում, օրական մեկ ժամից պակաս  համակարգչի առջեւ անցկացնող դեռահասները պակաս կռվարար էին եւ չէին ձգտում նվաստացնել ուրիշներին, - նշել է Էլիսոն Ֆայն Միշկինը՝ հետազոտության համահեղինակը, - հետեւաբար, վիդեոխաղերը կարող են օգտակար լինել, եթե չեն չարաշահվում»։