Երեւանում բացվել է «Ցեղասպանություն: Նահատակված հայ բժիշկներ» ցուցահանդեսը՝ նվիրված ցեղասպանության զոհ դարձած հայ բժիշկներին:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է ցուցահանդեսի կազմակերպիչ հոգեբույժ, բժշկապատմաբան, Հայ բժշկության թանգարանի հիմնադիր Հարություն Մինասյանը, ցուցահանդեսին ներկայացված են ցեղասպանության ժամանակ սպանված մոտ 30 հայ բժիշկների լուսանկարները եւ անձնական իրերն եւ գործիքները, ինչպես նաեւ ցեղասպանությանը վերաբերվող գրքեր՝ թվով 150, եւ Արեւմտյան Հայաստանից բերված մասունքներ, իրեր, գործիքներ եւ հայ բժիշկներին վերաբերվող այլ իրեր:
Ցուցադրված է նաեւ Հարություն Մինասյանի գիրքը՝ «Օսմանյան կայսրությունում եւ հանրապետական Թուրքիայում ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ», որտեղ ներկայացված են մոտ 500 բժիշկների կենսագրությունները, լուսանկարները եւ նրանց դերը բժշկության զարգացման մեջ:
«Սպանված բժիշկեների իրական թիվը շատ ավելի մեծ է, բայց նրանցից շատերը, ցավոք, գերեզման եւ հիշատակ չունեցան: Ես կարողացել եմ հավաքել գոնե 500 հոգու կենսագրություն, որոնցից մեծ մասը շատ կարեւոր ներդրում են ունեցել Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի առողջապահության ոլորտի հիմնադրման եւ զարգացման գործում», - նշել է Հարություն Մինասյանը:
Նա նաեւ հիշեցրել է, որ ցուցահանդեսին ներկայացված 300 ցուցանմուշները դեռեւս տարածք չունեցող Հայ բժշկության թանգարանի 30 000 ցուցանմուշների շատ փոքր մասն են կազմում:
Ցուցահանդեսը շարունակվելու է մեկ ամիս եւ տեղակայված է ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում (Մարշալ Բաղրամյան 24ա հասցեով): Այն կարելի է այցելել բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 11-ից 16-ը: Մուտքն ազատ է:












